Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀՕՊ ուժերին հաջողվել է երկրի օդային տարածքում ուկրաինական թիրախներ խոցել։
Բելառուսի ղեկավարի խոսքով` դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 9-ի երեկոյան։
«Մեկուկես կիլոմետր բարձրության և 6,5 կիլոմետր հեռավորության վրա ՀՕՊ ուժերը Բելառուսի օդային տարածքում մի քանի թիրախներ են խոցել։ Մենք կասկածում ենք, որ դրանք անօդաչու թռչող սարքեր էին։ Խախտելով Բելառուսի օդային տարածքը՝ դրանք թռչում էին Ուկրաինայի կողմից», - հայտարարել է Լուկաշենկոն։
Բելառուսի արտգործնախարարությունն էլ իր հերթին տեղեկացրել է, որ միջադեպի մասին անհապաղ մանրամասն տեղեկատվություն կտրամադրի ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համապատասխան կառույցներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, որոնց անդամ է Բելառուսը։
Ուկրաինայից եկած թիրախների խոցման մասին Մինսկի հայտարարություններին անկախ հավաստիացում կամ հերքում չկա:
Մինսկը նաև համապատասխան խորհրդակցություններ կնախաձեռնի դաշնակիցների և գործընկերների հետ։
«Բելառուսը միանշանակ կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը և կպատասխանի ցանկացած սադրանքների կամ թշնամական գործողությունների», - ասված է հայտարարությունում։
Հարյուրավոր համազգեստավոր ուկրաինացի զինվորականներ՝ զրահամեքենաների և այլ ծանր զինտեխնիկայի աջակցությամբ, այս շաբաթ մխրճվեցին Ռուսաստանի Կուրսկի մարզ՝ Ուկրաինայի Սումի քաղաքից հյուսիս: Տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ուկրաինացի զինվորականները հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել Սուջա քաղաքը: Քաղաքապետ հերքում է լուրը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է՝ վերահսկում է իրավիճակը։