Մատչելիության հղումներ

Կուրսկում ապրող հայերը մտածում են Հայաստան վերադառնալու մասին


Մինչ ռազմական գործողությունների թիրախում հայտնված Կուրսկում մարդկանց են տարհանում, 20 օր առաջ այդ մարզից վերադարձած ոսկեհասկցի Վազգեն Մխիթարյանը չորս օրից պատրաստվում է վերադառնալ Կուրսկ։ Այնտեղ նրա ընտանիքն է մնացել, ասում է՝ իրեն ոչինչ հետ չի պահի ընտանիքին հասնելու համար։

Կուրսկի մարզում հայերը մեծությամբ երկրորդ ազգային փոքրամասնությունն են՝ մոտ 5000 հոգի։ Շիրակի մարզի գյուղերից հաճախ հենց այս մարզ են մեկնում արտագնա աշխատանքի։ Նրանցից մեկն էլ Վազգեն Մխիթարյանն է՝ իր ընտանիքով։ «Ազատությանը» պատմեց, որ բուն մարտական գործողությունները այն բնակավայրից, որտեղ ապրում ու աշխատում են, մոտ 300 կմ են հեռու։ Ընտանիքի հետ ամեն օր կապի մեջ է ու դեռ անհանգստացնող ոչինչ չեն փոխանցել։

Մխիթարյանը Կուրսկի մարզում մնացած հարազատներին կհասնի մեքենայով։ Ասում է՝ ստիպված շրջանցելու են մարտական գործողություններին մոտ բնակավայրերը, մի քիչ ճանապարհը կերկարի։ Կուրսկում մարտական գործողություններին ավելի մոտ գտնվող ընտանիքներից մեկի հետ հարազատները փորձեցին կապ հաստատել, բայց չստացվեց։

Ալինայի ամուսնու ազգականներն են Կուրսկի մարզում, գրեթե ամեն օր խոսում են։ Օր օրի ավելի վտանգավոր է դառնում ու մտածում են Հայաստան վերադառնալու մասին, փոխանցեց ոսկեհասկցի կինը։

Ռուսաստանում հայերի միության Կուրսկի տարածքային կազմակերպության ղեկավար Դերենիկ Կոշտոյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ բուն Կուրսկ քաղաքում իրավիճակը հանգիստ է, բայց մարդիկ անհանգիստ են, տարհանվածների հոսքը շարունակվում է։ Ռազմական գործողությունների վայրից 21 հազար փախստական կա, ըստ Կոշտոյանի, նրանց մեջ նաև հայեր կան։

Կուրսկում բնակվող հայաստանցիների հարզատներից շատերը փոխանցեցին, որ ապահովության համար իրենց հարազատները լքել են Կուրսկի մարզը և հիմնականում տեղափոխվել Մոսկվա։ Եթե իրավիճակը չփոխվի մտածում են Հայաստան վերադառնալու մասին։ Հայաստանի իշխանություններն արդյոք դիտարկո՞ւմ են հայերին տարհանելու հնարավորությունը, հայտնի չէ։ Կուրսկի հայերի միության ղեկավարն ասաց, որ պարբերաբար տեղեկություն է փոխանցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանին։

Ավելի մանրամասն «Ազատության» հեռուստառեպորտաժում.

XS
SM
MD
LG