Վաշինգտոնը խորապես մտահոգված է, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը կվնասի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում են Վրաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու ուղղությամբ և կշեղի Վրաստանին իր եվրոպական ուղուց, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Վաշինգտոնը նաև մտահոգություն է հայտնել, որ այս օրինագիծը կխոչընդոտի անկախ լրատվամիջոցների աշխատանքը, որոնք բարձրորակ տեղեկատվության հասանելիություն են ապահովում Վրաստանի քաղաքացիների համար։
«Բայց քանի որ սա դեռ օրենքի նախագիծ է, դեռ չեմ խոսի օրենքի վերածվելու դեպքում հետևանքների մասին», - ասել է Միլլերը։
Վրաստանի իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները անցած շաբաթ պաշտոնական շրջանառության մեջ դրեցին «Օտար պետությունների ազդեցության թափանցիկության», կամ ավելի պարզ ասած՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։
Աղմկահարույց օրենքի նախագծի շուրջ քննարկումները Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում երեկ մեկնարկեցին ընդդիմության բողոքի ցույցերի, Թբիլիսիի մերձավոր դաշնակիցների կոշտ քննադատության, պատգամավորների միջև ծեծկռտուքի ուղեկցությամբ:
Օրինագիծը շատերը համեմատում են ռուսաստանյան հայտնի օրենքի հետ, որը Պուտինի վարչակազմը որպես մահակ է օգտագործել լրագրողների, ակտիվիստների, իրավապաշտպանների դեմ։ Իշխող թիմի ներկայացուցիչները, մինչդեռ, հավաստիացնում են, թե իրենց նպատակը տարբեր է, միայն ցանկանում են ֆինանսական թափանցիկություն ապահովել ոչ-կառավարական ոլորտում՝ պարտավորեցնելու այն բոլոր հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ծագում ունի, տարեկան հայտարարագիր ներկայացնել, հակառակ դեպքում օրենքով սահմանել մոտ 10 հազար ամերիկյան դոլարին համարժեք տուգանք։