Մատչելիության հղումներ

Բաքուն և Անկարան զգուշացնում են Երևանին՝ «չդիմել ռազմական արկածախնդրության կամ սադրանքների»


Հայաստանի ԶՈՒ մարտական հենակետ Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ
Հայաստանի ԶՈՒ մարտական հենակետ Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պնդումը, թե իբր Հայաստանի Զինված ուժերը մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ են կենտրոնացրել հայ - ադրբեջանական սահմանին։ Պաշտպանության նախարարությունը արձագանքելով այդ նույն հայտարարությանը՝ ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:

Այսօր պաշտոնական Բաքուն զգուշացրել էր, թե իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ «բոլոր օրինական միջոցներով»։

Ադրբեջանը պնդում է, թե իր տարածքում «ապօրինի տեղակայված Հայաստանի զինված ուժերը» վերջին շաբաթներին ակտիվացրել են ռազմաինժեներական աշխատանքները՝ խախտելով միջազգային օրենքը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Բաքուն շեշտում է, թե իրենց հատկապես մտահոգում է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգտագործումը, որոնք «ապօրինի տեղակայված են Ադրբեջանի ինքնիշխան տարածքում և վտանգ են ներկայացնում քաղաքացիական ինքնաթիռների անվտանգության համար»։

«Ռազմաինժեներական աշխատանքների և անօրինական գործունեության ակտիվացմանը զուգահեռ, Ադրբեջանի ինքնիշխան տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը, վերջին շաբաթներին չդելիմիտացված պետական սահմանի երկայնքով արձանագրվել է մեծ քանակի զենքի, զինտեխնիկայի և անձնակազմի կուտակում՝ հերթական ռազմական արկածախնդրություն իրականացնելու նպատակով։ Այսպիսի գործողություններն ապացուցում են, որ Հայաստանը ետ չի կանգնում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը տարբերվում է գետնի վրա Երևանի գործողություններից», - պնդում է Ադրբեջանի ԱԳՆ-ը:

Վերջին օրերին կողմերը դարձյալ սկսել են իրար մեղադրել հրադադարը խախտելու համար: Այսօր, օրինակ, Պաշտպանության նախարարությունն արդեն երկու անգամ հերքել է Բաքվի տարածած տեղեկությունը, թե հայկական ուժերը կրակել են Քելբաջարի և Նախիջևանի ուղղությամբ։ Փոխարենը, երեկ Հայաստանի ռազմական գեատեսչությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Շաբաթ օրն էլ Ստեփանակերտից էին հայտնել, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի կապի ենթակառուցվածքի ուղղությամբ։

Բաքուն Երևանին է մեղադրում Լաչինի միջանցքի ապաշրջափակման գործընթացը ձախողելու համար

Երևանին ռազմական արկածախնդրության մեջ մեղադրելուց բացի, այսօր պաշտոնական Բաքուն քննադատել է Հայաստանին նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու համար, պնդելով, թե Երևանը «կրկին փորձում է օգտագործել Անվտանգության խորհուրդը իր քաղաքական, ռազմական և ինֆորմացիոն մանիպուլյատիվ քաղաքականության համար»:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը Հայաստանին է մեղադրել ինչպես Աղդամով Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության տրամադրումը, այնպես էլ Եվլախում Ղարաբաղի հայերի հետ հանդիպումը ձախողելու համար, պնդելով, թե օգոստոսի 5 -ին Հայաստանը վերջին պահին ետ է կանգնել պայմանավորվածություններից՝ առաջ քաշելով անօրինական նախապայմաններ:

Ադրբեջանի պնդմամբ, այն, ինչ պահանջում է Հայաստանը միջազգային հանրությունից և մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից, կարելի էր դրան հասնել մի քանի օր առաջ, և դա տեղի չի ունեցել «միայն Հայաստանի պատճառով»։

«Եթե Հայաստանը և նրան ենթակա ռեժիմը հարգեր համաձայնությունը, իրավիճակը կկարգավորվեր օգոստոսի սկզբին, ապահովելով Ղարաբաղի շրջանի բնակիչների համար հումանիտար բեռների տեղափոխումը և երթևեկության դյուրացումը մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների համար», - վստահեցնում է պաշտոնական Բաքուն:

«Բաքուն փորձում է կանխել իր համար ոչ նպաստավոր զարգացումները, Անկարան պատրաստվում է Պուտինի այցին»

Հայաստանի՝ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելուց հետո, ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի, Բաքուն փորձում է կանխել իր համար ոչ նպաստավոր զարգացումները:

Վերլուծաբանը թեև քիչ հավանական է համարում, որ Անվտանգության խորհուրդն Ադրբեջանի դեմ որևէ փաստաթուղթ կընդունի, ամեն դեպքում, ասում է՝ Ադրբեջանը կանխարգելիչ քայլեր է անում՝ օգտագործելով սպառնալիքի և շանտաժի լեզուն, ուղղված ոչ միայն Հայաստանին և Արցախին, այլև՝ միջազգային հանրությանը:

«Մեսիջը, ըստ ամենայնի, հետևյալն է, որ եթե Անվտանգության խորհուրդը փորձի որևէ սկզբունքային բան քննարկել Ադրբեջանի շահերին հակասող, ապա Ադրբեջանը կարող է գնալ լարվածության, դիմել ագրեսիվ գործողությունների», - նշեց Բադալյանը:

Այսօր ավելի ուշ Երևանին ուղղված Ադրբեջանի զգուշացումներին միացավ նաև պաշտոնական Անկարան: Թուրքիան էլ իր հերթին կոչ արեց Հայաստանին «չդիմել սադրանքների», ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պնդելով, թե Լաչինի ճանապարհի հարցում Ադրբեջանին քննադատելու հիմք չկա:

Վերլուծաբանի համոզմամբ՝ Թուրքիայի այդ հայտարարությունը պետք է դիտարկել ավելի լայն աշխարհաքաղաքական շերտում. Անկարայում սպասում են օգոստոսի վերջին ակնկալվող Պուտինի այցին, որտեղ գլխավոր թեման լինելու է «ցորենի գործարքի» վերականգնումը, ինչը շատ կարևոր է Թուրքիայի համար:

«Հիմա, կարծում եմ, Ադրբեջանի այդ գործողությունները և Թուրքիայի աջակցությունը միտված են արդեն Թուրքիայի գինը Ռուսաստանի համար բարձրացնելուն, որովհետև գիտենք, թե Ռուսաստանը որքան զգայուն է Կովկասում երկրորդ ճակատ չունենալու հարցում, և այստեղ լարվածությունը Ռուսաստանի համար լինելու է լրջագույն խնդիր: Եվ Ադրբեջանը հիմա խաղալով դրա վրա և Թուրքիան միանալով այդ խաղին՝ ըստ էության, պատրաստվում են արդեն Պուտինի այցին և դրա ընթացքում խոշոր աշխարհաքաղաքական նշանակությամբ սակարկություններին», - ընդգծեց Հակոբ Բադալյանը:

Նրա համոզմամբ՝ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները մտադիր են փոխել իրավիճակը Արցախի շուրջ և քայլեր ձեռնարկել ապաշրջափակման ուղղությամբ, բայց ոչ Բաքվի պայմաններով, այլ հաշվի առնելով նաև Արցախի շահերը, ապա նրանք պետք է հասկացնեն Բաքվին, որ ուժի կիրառման սպառնալիքը չի աշխատելու:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG