Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը ողջունում է ՄԱԿ ԱԽ դիմելու Հայաստանի կառավարության որոշումը


Ստեփանակերտը ողջունում է Հայաստանի կառավարության որոշումը դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Լաչինի միջանցքի ավելի քան ութ ամիս շարունակվող անօրինական արգելափակման և Արցախի անմարդկային պաշարման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը քննարկման դնելու խնդրանքով:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ ներգրավվածությունը և համապատասխան հրատապ որոշումների ընդունումը համարում ենք կարևորագույն գործոն, որը կարող է վերջ դնել Ադրբեջանի կողմից Արցախում մարդու իրավունքների զանգվածային կոպիտ խախտումներին և դադարեցնել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից հետևողականորեն ու համակարգված ձևով իրականացվող ակնհայտ ցեղասպան քաղաքականությունը», - ասված է Արցախի արտգործնախարարության հայտարարությունում:

Ստեփանակերտը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պատշաճ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին և կայացնել որոշում Լաչինի միջանցքի ամբողջական, անհետաձգելի և անվերապահ ապարգելափակմանն ուղղված անհրաժեշտ, հրատապ և արդյունավետ միջոցների իրականացման մասին։

Արդեն երկու ամիս ամբողջովին պաշարված Արցախի նախագահը օրերս հրատապ ուղերձով միջազգային հանրությունից խնդրեց անհապաղ կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը։ Հարությունյանն առաջինը դիմեց Հայաստանին՝ ակնկալելով, որ Երևանը Արցախում ստեղծված իրավիճակը անհապաղ կդարձնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման հարց, կհասնի Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների, դրան գումարած Հայաստանից չեն հնչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող հայտարարություններ։

Այսօր Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով պաշտոնական Երևանը դիմել է Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ։ Հարությունյանը ողջունեց Հայաստանի սկսած այս գործընթացը։ Թե երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նիստ կգումարի, առայժմ, հայտնի չէ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG