Այսօր10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել են Հայաստան:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին։
Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ, իսկ բազմաթիվ բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին, նշում է նախարարությունը՝ տեղեկացնելով, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 82 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում։
Հուլիսի 29-ին, երբ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևան հիվանդներ էին տեղափոխվում, ադրբեջանցիները հենց անցակետից առևանգեցին սրտի վիրահատության համար Երևան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին։ Դրանից հետո շուրջ 11 օր Բաքուն արգելեց հիվանդների տեղափոխումը Լաչինի միջանցքով Հայաստան։