Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը, թե իբր Հայաստանի Զինված ուժերը մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը, հայտարարում է ՀՀ ռազմական գերատեսչությունը:
«Բացի այդ, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ տեղ գտած մեկ այլ կեղծ պնդման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի», - ասված է հաղորդագրությունում:
Պաշտոնական Բաքուն հայտարարել էր, մասնավորապես, թե «Ադրբեջանի տարածքում ապօրինաբար տեղակայված Հայաստանի զինված ուժերը» վերջին շաբաթներին ուժեղացրել են ռազմաինժեներական աշխատանքները և այլ ռազմական գործունեությունը, և «վերջին օրերին Ադրբեջանի հետ չսահմանազատված սահմանի երկայնքով մեծ քանակությամբ սպառազինություն, զինտեխնիկա և Հայաստանի զինված ուժերի անձնակազմի կուտակում է նկատվում»։