Մատչելիության հղումներ

ԼՂ հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով պաշտոնական Երևանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ


Լեռնային Ղարաբաղի հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով պաշտոնական Երևանը դիմել է Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ։ Հայաստանը ակնկալում է միջազգային կառույցի միջամտությունը:

Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի միջամտությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում ընդգծել է կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ շեշտելով՝ հունիսի 15-ից լիակատար շրջափակման պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին։

Մարդասիրական բոլոր մատակարարումների դադարեցումը՝ զուգորդված ներքին սահմանափակ պաշարների աստիճանական օգտագործմամբ, ադրբեջանական զինված ուժերի կողմից գյուղատնտեսական տարածքների թիրախավորված գնդակոծությամբ, հանգեցրել են սննդի սուր պակասի և խանութների փակման։ Առաջնային անհրաժեշտության սննդամթերքի և վիտամինների բացակայության պատճառով մոտ 2000 հղի կին, մոտ 30 000 երեխա, 20 000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձ պայքարում է թերսնման պայմաններում գոյատևելու համար, գրված է ՀՀ նամակում։

Պաշտոնական Երևանը նաև հայտնել է, որ շաքարային դիաբետով և արյան շրջանառության հիվանդություններով հազարավոր քաղաքացիներ, մնացել են գրեթե առանց որևէ դեղամիջոցի։ Ավելացել են մի շարք հիվանդություններից մահացությունների դեպքերը, այդ թվում՝ սրտանոթային հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից։ Նաև թերսնման պատճառով հղիների շրջանում սակավարյունության մակարդակը հասել է շուրջ 90 տոկոսի։

Ավելին, շոգ եղանակային պայմանները և ախտահանող միջոցների և դեղամիջոցների բացակայությունը տարածաշրջանում համաճարակների վտանգ են ստեղծում։

Պաշտոնական Երևանը չի հստակեցնում՝ արդյոք ցանկանում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այս անգամ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հատուկ բանաձև ընդունի։

Օրեր առաջ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Սիվիլնեթի» հետ զրույցում ասել էր, թե Երևանին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձև է պետք։

«Երևանի գլխավոր նպատակն ԱԽ-ում բանաձևի ընդունումն է»

Տիգրան Գրիգորյան
Տիգրան Գրիգորյան

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծիքով՝ այս անգամ Երևանի գլխավոր նպատակ Անվտանգության խորհրդում բանաձևի ընդունումն է։

«Իրավիճակն, իհարկե, էականորեն տարբերվում է նախորդ տարվա դեկտեմբերի իրավիճակից, երբ առաջին անգամ հարցը դրվեց քննարկման ԱԽ-ում, այս դեպքում գետնի վրա իրավիճակն էլ է ավելի բարդացել՝ հումանիտար լրջագույն ճգնաժամի հետ գործ ունենք, կա նաև Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումը, բացի այդ, Հայաստանը կարծես թե բավականին ակտիվ աշխատանք է տարել նաև Անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական անդամների հետ», - ասաց Տիգրան Գրիգորյանը։

Քաղաքագետը հավանական է համարում, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախի հարցով բանաձև կընդունվի։

«Կոնսենսուս պետք չէ, պետք է, որ որպեսզի ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից որևէ մեկը վետոյի իրավունքը չկիրառի, այլ պետք է որպեսզի ԱԽ անդամների մեծամասնությունը կողմ քվեարկի բանաձևին։ Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ համապատասխան աշխատանք կատարվել է։ Հիշում ենք, որ նախորդ քննարկման ընթացքում կային մի քանի երկրներ, որոնք խոչընդոտել էին հայտարարության ընդունմանը, դրանցից մեկը Ռուսաստանն էր», - ասաց Գրիգորյանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներն են՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:

Միևնույն ժամանակ, ըստ Գրիգորյանի, ակնհայտ է՝ եթե ընդունվի էլ բանաձև, Բաքուն անտեսելու է այն՝ իր համար ցանկալի ձևով մեկնաբանելով դրա բովանդակությունը։ Ասում է՝ պետք է Երևանն աշխատի, որ բանաձևում տեղ գտած ձևակերպումները տարընթերցումների տեղ չտան։

«Ադրբեջանական բազմաթիվ պրոիշխանական փորձագետներ արդեն իսկ խոսում են դրա մասին՝ կիսապաշտպանական մակարդակով այդ մասին խոսում են, բայց այնուամենայնիվ, եթե բանաձևն ընդունվի, սա ևս մի կարևոր գործիք կարող է դառնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար, և կարող է օգտագործվել հետագա արդեն քայլերի համար», - ասաց Տիգրան Գրիգորյանը։

Արդեն երկու ամիս ամբողջովին պաշարված Արցախի նախագահը օրերս հրատապ ուղերձով միջազգային հանրությունից խնդրեց անհապաղ կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը։ Հարությունյանն առաջինը դիմեց Հայաստանին՝ ակնկալելով, որ Երևանը Արցախում ստեղծված իրավիճակը անհապաղ կդարձնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման հարց, կհասնի Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների, դրան գումարած Հայաստանից չեն հնչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող հայտարարություններ։

Հարությունյանն այսօր ողջունել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու հարցով Հայաստանի սկսած գործընթացը։

Թե երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նիստ կգումարի, առայժմ, հայտնի չէ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG