Մատչելիության հղումներ

Հայաստանյան ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին


Հայաստանի կառավարության խնդրանքով գումարվելիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստի կապակցությամբ՝ Հայաստանում քաղհասարակության ներկայացուցիչները, դիմել են ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններին՝ պարտավորություն ստանձնել պաշտպանելու հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանությունից և էթնիկ զտումներից։

ՀԿ-ները ԱԽ-ին կոչ են անում ընդունել բանաձև, որը կդատապարտի շրջափակումը և կպահանջի անհապաղ բացել Լաչինի միջանցքը մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի համար՝ համաձայն Արդարադատության միջազգային փետրվարի 23-ի որոշման: Ինչպես նաև ձեռնարկել հրատապ միջոցներ՝ ապահովելու միջազգային խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը 2025 թվականի նոյեմբերից հետո, մինչև հակամարտության տեւական կարգավորում ապահովումը:

Քաղհասարակության ներկայացուցիչները կոչ են անուն նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջել տարածաշրջան ուղարկել փաստահավաք առաքելություն՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև նշանակել ԼՂ-ի հակամարտության գծով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու համար։

«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարից պահանջել փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համապարփակ զեկույց ներկայացնելու համար, ինչպես նաև օգտագործել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր համապատասխան մեխանիզմները, այդ թվում՝ հատուկ խորհրդականների և հատուկ զեկուցողների՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, մարդասիրական և մարդու անվտանգության պայմանների վերաբերյալ անհապաղ հաշվետվություններ պատրաստելու համար», - նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG