Արցախի նախագահը հրատապ դիմում-ուղերձ է հղել միջազգային հանրության դերակատարներին՝ Արցախի ժողովրդի ցեղասպանության կասեցման և շրջափակման վերացման նպատակով հրատապ գործողությունների կատարման ակնկալիքով, հայտնում են նրա աշխատակազմից։
«Ես՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանս, այս հրատապ ուղերձով ահազանգում եմ, որ հենց հիմա Արցախի Հանրապետության ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության և կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջև», - ասված է Հարությունյանի ուղերձում։
Նա ներկայացրել է ստեղծված իրավիճակը, Արցախի 240 օրվա շրջափակման ու դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը, ապա հայտարարել, որ այս իրավիճակում անգործության կամ անտարբերության դրսևորումը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության հանցագործության թողտվություն. - «Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն անհատական և հավաքական քայլեր ձեռնարկել թույլ չտալու Ադրբեջանին մարդկության պատմությունը համալրել ևս մեկ զանգվածային սովամահության և ցեղասպանական էջով»։
Ստեփանակերտը Հայաստանին հորդորում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը, որը վերածվել է ցեղասպանության հանցագործության, անհապաղ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը՝ հրատապ և կոնկրետ քայլեր ենթադրող բանաձևի ընդունման նպատակով, դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու և սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային հայտարարություններում, գնահատականներում.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Արցախի նախագահը հորդորում է դրսևորել բարոյական և քաղաքական պատասխանատվություն և առաջնորդություն ու գործի դնել ՄԱԿ-ի ամբողջ համակարգը՝ կասեցնելու Արցախում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների հետագա ընթացքը։
«Խնդրում եմ հաշվի առնել, որ Արցախն այժմ աշխարհի վրա միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար պաշարման մեջ և որտեղ նույնիսկ միջազգային հանրությունը որևէ մուտք չունի: Արդյո՞ք ձեզ համար հարց չի ծագում, թե որն է Արցախի խաղաղասեր ժողովրդին այսպիսի լիակատար մեկուսացման ենթարկելու Ադրբեջանի մղումը, արդյո՞ք ձեզ չի մտահոգում այն հանգամանքը, որ Արցախը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության առումով ոչ թե գորշ գոտի, այլ՝ սև խոռոչ, որտեղ կարող են պատահել մարդկային քաղաքակրթության տեսած բոլոր հանցագործությունները, արդյո՞ք չեք գիտակցում, որ միջազգային այսպիսի անպատժելիությունը և նոր ցեղասպանության թույլատրումը ծնելու են նորանոր հանցագործություններ՝ միգուցե նաև ձեր ժողովուրդների հանդեպ: Ուստի, բոլորիդ խնդրում ու պահանջում եմ՝ անհապաղ կերպով գործել», - ասված է ուղերձում։