Հայաստանը Արցախի փակ միջանցքի հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, սակայն թե երբ հստակ չէ, հայտարարել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում։
«Որևէ մեկը չի կարող ասել՝ երբ, որ օրը, բայց Հայաստանի Հանրապետությունը հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Ինչո՞ւ եմ ասում աշխատանքներ են ընթանում, որովհետև առանց նախապատրաստական աշխատանքի գոնե այն ծավալով, որ հույս ունենանք, որ կարող ենք ակնկալել արդյունք մեզ համար, կարծում եմ, ակնհայտ է, որ չի կարելի այդ մի կրակոցն ուղղակի холостой կրակել», - նշեց Մարուքյանը:
Օրերս հրապարակված հրատապ ուղերձում Արցախի նախագահը Երևանին հորդորել էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը անհապաղ դարձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման առարկա, Արտգործնախարարությունից մինչև այս պահը չէին հստակեցնում՝ արդեն դիմել են, թե՝ ոչ։
Մարուքյանը տեղեկացրեց, որ Հայաստանն աշխատում է այն ուղղությամբ, որ Անվտանգության խորհրդի անդամները ու հատկապես 5 մշտական անդամներից որևէ մեկը չխոչընդոտի գործընթացին։ Մշտական անդամներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։
«Այդ իմաստով նախորդ անգամների հետ չէի համեմատի, որովհետև այս անգամ մենք տրամադրված ենք գնալու բանաձևի համար: Մենք դեռևս երբեք չենք գնացել բանաձևի հետևից: Այսինքն՝ այս իմաստով շատ կարևոր է, որ մանրամասն աշխատանք տարվի և մեր ակնկալիքը լինի այն, որ հստակ Լաչինի միջանցքի հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ակնկալենք: Մեզ պետք է նվազագույնը 9 կողմ ձայն և դրա հետ կապված, ես կարծում եմ, որ լուրջ աշխատանքներ տարվել են, տարվում են և պետք է տարվեն», - ընդգծեց հատուկ հանձնարարություններով դեսպանը:
Մինչ հայկական կողմը դիմելուց առաջ նախապատրաստվում է, ըստ Մարուքյանի, Բաքվում ևս գիտեն, որ Երևանը Լաչինի միջանցքի հարցն Անվտանգության խորհուրդ տանելու մտադրություն ունի և պատասխան քայլերի է դիմում։
Ո՞րն երկիրն է այս հարցում աներկբա աջակցում Հայաստանին հարցին, Մարուքյանը պատասխանեց. - «Հիմա սխալ կլինի որևէ երկրի անուն հրապարակել, այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բանաձևի ընդունման պրոցեսը բաց և հրապարակային է: Նախորդ բանակցությունները, օրինակ, հայտարարության վերաբերյալ, նախագահողի հայտարարության վերաբերյալ այլ ընթացակարգեր են և այնտեղ կան քննարկումներ, որոնք հրապարակային չեն, չեն երևում: Այս պարագայում դուք տեսնելու եք՝ որ երկիրն ինչ դիրքորոշում կունենա»:
Կառավարության քննադատները նկատում են, որ Ադրբեջանը էլ ավելի կոշտացրեց իր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Հայաստանի վարչապետի՝ Պրահայի անցյալ տարվա հանդիպմանը հաջորդած հայտարարություններից հետո, երբ նա ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Մարուքյանի կարծիքով՝ սակայն քաղաքական հայտարարությունից ավելի բարձր իրավական ուժ ունի ստորագրված փաստաթուղթը, որը նոյեմբերի 9-ին հայտարարությունն է։
«Կա եռակողմ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որը և՛ մենք, և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը պնդում ենք, որ կա, այսինքն, այդ փաստաթուղթը չեղարկված չի, այն կա, գործում է, դրա ճարտարապետությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ամբողջությամբ վերացված չի, դրա հիման վրա է նաև Արդարադատության միջազգային դատարանը իր միջանկյալ որոշումը կայացրել: Եթե կարդաք որոշումը, որոշումը կառուցված է նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա և դրանով ուժ է տալիս միջազգային հանրությունը նոյեմբերի 9-ին: Եթե նախկին ՄԱԿ-ի քննարկումների ժամանակ միջազգային հանրության մեր գործընկերները ուզում էին խուսափել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մատնանշելուց, հիմա ինչպե՞ս են խուսափելու, երբ որ դատարանն է դրա վրա կառուցում իր միջանկյալ որոշումը: Բայց այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որ գործող փաստաթուղթ է, իսկ հայտարարությունները քաղաքական բնույթի հայտարարություններ են, ես կրկնում եմ, որ այդ փաստաթուղթն ավելի բարձր իրավական ուժ ունի», - ասաց Էդմոն Մարուքյանը: