ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումն ու դադարեցնել հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։ Ի պատասխան պաշտոնական Բաքուն հայտարարությունը «կողմնակալ» է որակել, «Լեռնային Ղարաբաղ» տեղանվան օգտագործումը գնահատել Ադրբեջանի ներքին գործերին միջամտություն։
Պաշտոնական կայքում երեկ հրապարակած հայտարարությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փորձագետներն ահազանգում են՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար սարսափելի ճգնաժամի։ Սննդամթերքի, դեղորայքի պակասը վտանգել է մարդկանց՝ հատկապես երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, հղի կանանց ու հիվանդների կյանքը, գրել են փորձագետները՝ Ադրբեջանին հիշեցնելով ստանձնած միջազգային պարտավորությունների մասին. - «Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները՝ հարգելու և պաշտպանելու մարդու իրավունքները, ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքը»:
Փորձագետները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ և անվտանգ տեղաշարժը՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, իսկ ռուս խաղաղապահներին՝ պաշտպանել միջանցքը նույն համաձայնագրին համապատասխան։
Բաքվի արձագանքը չուշացավ։
«Մտահոգիչ է, որ 30 տարի Ադրբեջանի տարածքների գրավման, մեկ միլիոն փախստականների և հարկադիր տեղահանվածների իրավունքների ոտնահարման, Ադրբեջանի տարածքներում վերջին երեք տարիներին Հայաստանի զինված ուժերի ներկայության վրա աչք փակած ՄԱԿ-ը, խաբվելով ու ենթարկվելով Հայաստանի մանիպուլյացիաներին, հանդես է գալիս կողմնակալ հայտարարություններով», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Ադրբեջանական ԱԳՆ-ն նաև հայտարարում է, թե Լաչինում տեղադրված անցակետը իրենց «ինքնիշխան տարածքում է»՝ «սեփական սահմանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու և Հայաստանի անօրինական գործողությունները կանխելու համար»։ Կրկին հիշեցնելով Աղդամով Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն հասցնելու իր առաջարկը՝ Բաքուն հայտարարել է, թե «լարված հումանիտար իրավիճակի» մասին պնդումները ոչ այլ ինչ են, քան քաղաքական շանտաժ և շահարկում:
ՄԱԿ-ի փորձագետների հայտարարությունը հաջորդեց կառույցի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների այցին Կոռնիձոր, որտեղ օրերով արգելվում է Հայաստանից Արցախ ուղարկվող մարդասիրական բեռներով շարասյան մուտքը։ Դրանից առաջ էլ միջազգային կազմակերության գլխավոր քարտուղարը, անհապաղ քայլեր ակնկալելով, վերահաստատել էր իր հայտարարություններն Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կատարելու՝ Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու անհրաժեշտության մասին։
Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ կոշտ է արձագանքում միջազգային դերակատարների հասցեական հայտարարություններին, իսկ ՄԱԿ-ի դատարանի որոշումը 5 ամիս է անկատար է թողնում։ Բաքուն միջազգային կոչերը կողմնակալ է որակում, պահանջում «չմիջամտել իր ներքին գործերին»։
Միջանցքը փակվելուց՝ դեկտեմբերից հետո, Լաչինն անհապաղ բացելու հայտարարություններ ԵՄ-ն է արել, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից 4-ը՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան։
Հայտարարությունները չեն ստիպելու Բաքվին բացել Լաչինի միջանցքը, որն այս պահին գլխավոր ճնշման գործիքն է Արցախի ու Հայաստանի վրա, ասում է քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանը։ Նա դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է համարում։ Այս պահին չի տեսնում նման հնարավորություն, որ միջազգային դերակատարները գնան գործնական քայլերի՝ պատժամիջոցներով ստիպելով Ադրբեջանին բացել միջանցքը։
«Մենք տեսնում ենք՝ շրջանակը հայտարարող կողմերի և լեքսիկոնի կոշտացումը հայտարարությունների, բավականին կարևոր տենդենց է, որը ճիշտ աշխատանքի և ինչ-որ չափով նաև մեր աշխատանքից անկախ աշխարհաքաղաքական ճիշտ դրվածքի պարագայում կարող է վերածվել կամ Ադրբեջանի նկատմամբ ճնշումների, օրինակ՝ սանկցիաների տեսքով, կամ Հայաստանի կարողությունների ավելացմանը, որպեսզի Հայաստանն ի վիճակի լինի սեփական անվտանգությունը, սեփական ինքնապաշտպանությունը կազմակերպելու։ Բայց այս փուլում պետք է արձանագրել, որ հայտարարությունները, իհարկե, բավարար չեն։ Այդպես մեծ անհանգստություն չեմ տեսնում Բաքվի կողմից համեմատած նախկինի հետ։ Բաքուն, ըստ էության, ծրագրավորված իր նպատակներն է փորձում իրականացնել, այն է՝ Արցախի սուբյեկտայնության ամբողջական ապամոնտաժումը և/կամ Արցախի ինտեգրացիան Ադրբեջանի կազմում, կամ արցախահայության հեռացումը պարզապես Արցախից», - ասաց նա։
Հարցին, թե միջազգային հիմնական դերակատարները ե՞րբ կգնան գործնական քայլերի, մասնավորապես պատժամիջոցները, Արեգ Քոչինյանը պատասխանեց. - «Կգնան այն պահին, երբ դա կելնի այդ դերակատարների շահերից։ Ես չեմ կարծում, որ կա հումանիտար որևէ շեմ, որևէ կարմիր գիծ, որը կստիպի գնալու ռադիկալ գործողությունների։ Խոսքը Արցախի մասին է, փոխարենը՝ կան հետաքրքրություններ, շահեր, որոնք որ միայն կարող են ստիպել միջազգային դերակատարներին գնալ կոնկրետ գործողությունների։ Արցախի պարագայում ես այս պահին նման հնարավորություն չեմ տեսնում»։
Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները Լաչինի միջանցքի մոտ արդեն երկու շաբաթ է անշարժ կանգնած են։ Այսօր այդ տարածք է այցելել Վաշինգտոնից պատվիրակություն՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչները։