Ստեփանակերտը ողջունում է Լեռնային Ղարբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ԱԽ արտահերթ նիստ գումարելու հարցով Հայաստանի Հանրապետության նամակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ նաև կորևորել է, որ նամակում պաշտոնապես ընդգծվում է ցեղասպանության կանխարգելման նպատակը:
Նկատելով, որ միջազգային հանրությանն ուղղված իր վերջին ուղերձը և Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամպոյի զեկույցը մեծ արձագանք են գտել միջազգային լրատվամիջոցներում՝ և որ այս և ավելի վաղ օրերին արվել են նաև այլ հայտարարություններ մի շարք միջազգային կազմակերպությունների ու պետությունների ներկայացուցիչների կողմից, որոնցում տեսանելիորեն աճում է միջազգային գործնական քայլերի կատարման հրատապության ընկալումը՝ Հարությունյանը շեշտել է՝ անշուշտ, ժամանակը շատ կարևոր է մեր ժողովրդի համար, և հապաղումն արժենում է մարդկային կյանքեր ու տառապանքներ։
«Մենք հորդորում և պահանջում ենք բոլոր հիմնական դերակատարներից չհապաղել և չսպասել ավելի լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական ու արդյունավետ քայլերի՝ այս ցեղասպանության հետագա ընթացքը կասեցնելու համար», - գրել է Արցախի նախագահը։
Հայաստանը երեկ դիմել է Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով։