Մատչելիության հղումներ

Հայ եպիսկոպոսները կոչով դիմել են ՄԱԿ-ի ԱԽ-ին անդամակցող պետություններին


Հայ Եկեղեցու հայաստանաբնակ եպիսկոպոսները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցող պետություններին՝ «ազդու միջոցներ գործադրել և սթափության կոչել Ադրբեջանի իշխանություններին՝ հարգելու և կյանքի կոչելու Միջազգային արդարադատության դատարանի ս.թ. փետրվարի 22-ի միջանկյալ և հուլիսի 6-ի եզրափակիչ որոշումները, պարտադրելով հրաժարվել բիրտ ուժի և ցեղասպան գործողությունների միջոցով խնդիրները կարգավորելու գործելաոճից»:

Նրանք կոչ են արել Հայաստանի գործող իշխանություններին չհրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար ՀՀ ստանձնած հանձնառություններից և համախմբել պետական ու ազգային ողջ հնարավորություններն ու ներուժը՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի ապահով, անվտանգ, ինքնիշխան կյանքի. - «Արցախը և արցախահայությունը կյանք ու ապագա չունեն ցեղասպանությունը պետական քաղաքականություն հռչակած Ադրբեջանի կազմում:

«Հորդոր ենք ուղղում մեր սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ հոգևոր ողջ դասին, որպեսզի ազգային-եկեղեցական կառույցների իրավասու ներկայացուցիչների հետ ձեռնամուխ լինեն իրենց երկրների պետական, եկեղեցական, դիվանագիտական, հասարակական և լրատվական շրջանակներում ներկայացնելու ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր կացությունը՝ հասնելու համար Արցախի մեր ժողովրդի կենսական իրավունքների իրագործմանը և անվտանգ կյանքի ապահովմանը», - նաև նշված է հայտարարությունում:

Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, եպիսկոպոսները նշել են, որ «ամբողջական շրջափակմանը զուգահեռ՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրականացնել նաև ահաբեկչական այնպիսի գործողություններ, որոնք էթնիկական զտումների նպատակով Արցախի ժողովրդի շրջանում միտված են մշտական վախի, հուսահատության, անապահովության զգացումներ և Հայրենիքը լքելու տրամադրություններ առաջացնելուն»:

«Հակամարդկային նմանօրինակ գործելաոճի հերթական դրսևորումը տեղի ունեցավ բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանի իշխանությունները Բերձորի միջանցքից առևանգեցին Կարմիր Խաչի անմիջական հովանավորության ներքո Արցախից Հայաստան փոխադրվող, առողջական ծանր խնդիրներ ունեցող Վագիֆ Խաչատրյանին՝ կոպտորեն ոտնահարելով Կարմիր խաչի անձեռնմխելիությունը, հեղինակությունն ու մարդասիրական առաքելությունը։

Մեր ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող թշնամական այսօրինակ գործողությունները ոճրագործություն են ոչ միայն Արցախի հայության նկատմամբ, այլև բացահայտ մարտահրավեր՝ ուղղված քաղաքակիրթ ողջ աշխարհին և միջազգային իրավասու կազմակերպություններին», - նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG