Հայաստանը պարտավոր չէ ծանուցել Ադրբեջանին Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի մասին։ Սա Երևանի պաշտոնական պատասխանն է Բաքվի նամակին, որում ադրբեջանական կողմը պահանջում էր տեղեկություններ տրամադրել հայ-ամերիկյան այս բիզնեսի մասին։
«Հայաստանը պահանջում է, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ կրակելով շինհրապարակի ուղղությամբ», - ասված է Շրջակա միջավայրի նախարարության գրությունում։
Արդեն ամիսներ շարունակ՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Էսպոյի՝ Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիան Բաքուն պահանջում է իրենց հետ համաձայնեցնել մետաղաձուլական գործարանի նախագիծը։ Այս մասին նաև անձամբ նախագահ Ալիևն է խոսել։
Հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի կառուցման համար նախատեսվում է մոտ 70 միլիոն դոլար ներդնել, որը տարեկան 108 հազար տոննա արտադրանք կթողարկի։
Կառավարությունն ու բնապահպաններն անցնող ամիսներին արձագանքում էին՝ Ադրբեջանի պահանջները հիմնավոր չեն, քանի որ Երասխում կառուցվող գործարանը Բաքվի վկայակոչած կոնվենցիայի որևէ դրույթի տակ չի անցնում։
Նախիջևանին սահմանակից Երասխում գործարանի կառուցման աշխատանքները դադարեցնելու ամենաբարձր մակարդակով հնչող հորդորներին ու պահանջներին զուգահեռ ադրբեջանական ուժերը վերջին ամիսներին պարբերաբար թիրախավորում էին նաև շինհրապարակը։ Կրակոցների մասին հաղորդագրությունները հրապարակվում էին գրեթե ամենօրյա ռեժիմով։ Հունիսին երկու շինարար էր վիրավորվել։
Օրերս էլ լրատվամիջոցներն իրենց աղբյուրներին հղում անելով գրել էին՝ գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր: Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» հետ զրույցում գործարանի ղեկավարությունից հերքել էին տեղեկությունը՝ պնդելով, թե տեխնիկական դադարից հետո գործարանի կառուցման աշխատանքները վերսկսվելու են։ Մեր այսօրվա բազմաթիվ զանգերին տնօրինությունը չպատասխանեց։
Իսկ ի՞նչ իրավիճակ է այժմ Երասխում։ Այսօր մեր նկարահանումների ընթացքում գործարանի տարածքում ոչ աշխատող տեխնիկա նկատեցինք, ոչ էլ որևէ հաստոցի ձայն լսեցինք։ Լռություն էր։ Պահակակետի մոտ մի տղամարդ կար։ Մեկ այլ հատվածում էլ երեք հնդիկ աշխատակիցների նկատեցինք։
Բաքվի վկայակոչած Էսպոյի կոնվենցիան նախատեսում է, որ երկիրը հնարավորինս սեղմ ժամկետներում խորհրդակցություններ սկսելու նպատակով պետք է ծանուցի այն պետություններին, որոնք կարող են նախագծի շահագործման բացասական հետևանքները կրել։ Կոնվենցիայի առաջին հավելվածում նշված են գործունեության այն տեսակները, որոնք ենթակա են ծանուցման։ Պահանջելով իրենց հետ համաձայնեցնել գործարանի կառուցումը, Ադրբեջանն, ըստ էության, այս հավելվածի 4-րդ կետն է հիմք ընդունում՝ պողպատի և չուգունի ձուլման և գունավոր մետաղի արտադրության խոշոր կայաններին առնչվող դրույթը։
Շեշտելով, որ Հայաստանը պահպանում է միջազգային իրավունքի նորմերը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը նախօրեին արդեն պաշտոնապես պատասխանեց Ադրբեջանի նամակին՝ պնդելով՝ Էսպոյի կոնվենցիայով նախատեսված դրույթներից որևէ մեկն առկա չէ, որպեսզի Հայաստանը նախապես տեղեկացներ Բաքվին։
«Ինքը՝ Ադրբեջանը չի պարզաբանել, թե կոնվենցիայի, որ կետին է առնչվում նախատեսվող գործունեությունը։ Գործարանի «շինարարական աշխատանքներն անհապաղ դադարեցնելու» վերաբերյալ Ադրբեջանի պահանջի համար Էսպո Կոնվենցիայի համապատասխան որևէ հիմք առկա չէ», - ընդգծել են նախարարությունից:
Հիշատակելով նույն այս փաստաթուղթը Երևանն էլ իր հերթին Բաքվին է մեղադրում ուժ կիրառելու համար՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր պարտավորությունները, մասնավորապես կոնվենցիայի 15-րդ հոդվածը, որը սահմանում է՝ «վեճերի դեպքում կողմերը ձգտում են այն կարգավորել բանակցությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով` իրենց հայեցողությամբ»: