Տեղացիներն ասում են՝ իրավիճակը հասել է օրհասական վիճակի, երբ Ադրբեջանը էլ ավելի է սեղմել շրջափակման օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Այս ընթացքում տեղում արդեն երկու հայ երեխա է մահացել։
«Չեմ ուզում գույները մթագնել, բայց այս պահին խոհանոցում ունեմ միայն մի փոքր հնդկաձավար», - ասում է լրագրող Մարութ Վանյանը, ով հուլիսի 18-ին իր բնակարանի նկարով կիսվեց «Ազատության» հետ։
Վանյանը 100 հազարից ավելի հայերից մեկն է, որոնք շրջափակված են Լեռնային Ղարաբաղում։
Դեկտեմբերից սկսված շրջափակումը կտրուկ սրվեց վերջին ամսվա ընթացքում՝ կանգնեցնելով Արցախը զանգվածային հումանիտար ճգնաժամի եզրին։
Նախկինում Կարմիր խաչի միջազգային առաքելությունը թույլտվություն ուներ դեպի Լեռնային Ղարաբաղ անհրաժեշտ իրեր տանել և առողջական լուրջ խնդիրներով հիվանդներին Հայաստան հասցնել։
Բաքուն արդարացնում է ճանապարհի շրջափակումը՝ պնդելով, թե «Հայաստանից եկող Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերվել են տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ»՝ բջջային հեռախոսներ, ծխախոտ, բենզին։
Հումանիտար կազմակերպությունը պատասխանել է. «Կարմիր խաչին պատկանող մեքենայի մեջ ոչ մի չարտոնված իր չի հայտնաբերվել»։ Միաժամանակ հավելել են. «Մենք ափսոսում ենք, որ առանց մեր իմացության չորս վարձու վարորդներ փորձել են որոշ առևտրային ապրանքներ տեղափոխել Կարմիր խաչի տարբերանշանի մեքենաներով»։
«Անցած շաբաթը շրջափակման ամենածանր ժամանակահատվածն էր»,- ասում է Վանյանը։ Բացի ալկոհոլից, սուպերմարկետում որևէ բան չկա, փոքր բիզնեսներն ու խանութները պարզապես փակվել են, իսկ տերերը՝ գնացել տուն. - «Հացն անգամ, որը պետք է լինի յուրաքանչյուր հայի սեղանին օրական երեք անգամ, դժվար է գտնել։ Պետք է ժամերով հերթ կանգնես փռի առջև, որպեսզի երկու կտոր հաց գնես»։
Լեռնային Ղարաբաղի հյուսիսում հուլիսի 8-ին ավտոմեքենայից երկու երեխայի դի են հայտնաբերել, մինչև նրանց մայրը ոտքով գնացել էր մոտակա քաղաք՝ ձեթի և շաքարավազի կտրոն ստանալու։ Մանկահասակ երեխաները՝ 6-ամյա աղջիկն և նրա 3-ամյա եղբայրը, ըստ երևույթին, դուրս էին եկել փողոց՝ փնտրելու իրենց մորը, հետո տեղավորվել չկողպված մեքենայում: Թե կոնկրետ ինչից էր վրա հասել երեխաների մահը, դեռ հստակ չէ։
Օրեցօր աճող հուսահատության ֆոնին՝ հուլիսի 14-ին Ստեփանակերտում հազարավոր մարդիկ հավաքվել էին՝ բողոքելու շրջափակման դեմ:
«Ինչի՞ն եք սպասում»․ բանախոսներից մեկը հռետորական հարց ուղղեց միջազգային հանրությանը. «Արդյո՞ք դուք պետք է ամեն օր դիակներ տեսնեք այս հրապարակում նախքան պատասխանը»:
Բաքուն Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կառավարությանը համարում է «միջազգայնորեն ճանաչված իր տարածքի անօրինական օկուպանտներ» և կոչ է անում Ստեփանակերտի ղեկավարությանը հեռանալ իշխանությունից։
Ադրբեջանը միաժամանակ պնդում է, որ հայերին «կտրամադրվեն Ադրբեջանի քաղաքացիների բոլոր իրավունքները» Բաքվի վերահսկողության պայմանով։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայերի մի քանի դաժան սպանությունները, սակայն, որոնց պատասխանատվությունը կրում են ադրբեջանցի զինվորները, շատերին է ստիպում կասկածել Բաքվի պատրաստակամությանը։
Վանյանը պատմում է, որ արցախցիները դեռ բացահայտ չեն խոսում Ղարաբաղից հեռանալու, Հայաստան մեկնելու մասին, «սակայն շատերը հասկանում են, որ ներկայիս պայմաններում չեն կարող երեխայի խնամել։ Ի վերջո, երեխաներին անհրաժեշտ են վիտամիններ և երջանիկ կյանք»։ Բայց կան նաև մարդիկ, ասում է լրագրողը, «որոնք պատրաստ են միայն կանաչեղեն ուտել, քանի դեռ ապրում են իրենց տանը, քանի դեռ պատերազմ չկա»՝ հույս ունենալով, որ իրավիճակը կկարգավորվի։
Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին ասել է․ - «Եթե Արցախի ժողովրդի համար իրավիճակը մեկ շաբաթվա ընթացքում չվերադառնա քիչ թե շատ կայունության միջազգային միջամտության ներքո, ապա մենք կդիմենք ավելի կոշտ գործողությունների թե՛ Արցախում, թե՛ դրանից դուրս»։
Թե հնարավոր ինչ քայլերի մասին է խոսքը, Հարությունյանը չի հստակեցրել։