Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ շոշափելի մարդասիրական ճգնաժամ է, երեկ Թեհրանում, Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլլահիանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում, հայտարարել է արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ Հայաստանն անկնկալում է Հարավային Կովկասում պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը՝ սեփական աչքերի առջև նոր հումանիտար աղետ թույլ չտալու հարցում:
«Եվ դա տեղի է ունենում միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտմամբ՝ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների, միջազգային հանրության բազմաթիվ կոչերի ու բանաձևերի, Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն ի դեպ վերահաստատվեց նաև հուլիսի 6-ին», - ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Միրզոյանը երեկ իր գործընկերոջը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն է ներկայացրել ու կրկին բանակցություններում Երևանի կարմիր գծերը հիշեցրել։
«Մեզ համար առանցքային են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հստակ սահմանների վերահաստատումը, սահմանազատման և սահմանային անվտանգության երաշխիքների ապահովումը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների կայուն միջազգային մեխանիզմի ձևավորումը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման համար», - ասաց Միրզոյանը։
Աբդոլլահիանը 7 ամիս շարունակ փակված Լաչինի միջանցքին չանդրադարձավ
Իրանի արտգործնախարար Աբդոլլահիանն ավելի քան 10 րոպե տևած իր ելույթում Արցախում ստեղծված իրավիճակին, մասնավորապես, 7 ամիս շարունակ փակված Լաչինի միջանցքին չանդրադարձավ։
Կայուն խաղաղություն, տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակում, երկկողմ հարաբերությունների զարգացում․ Թեհրանի հաղորդմամբ, կողմերը երեկ այս հարցերին են անդրադարձել։
«Քննարկել ենք տարանցիկ կարողությունների օգտագործումը և տրանսպորտային խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը», - ասել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Խոսելով տրանսպորտային ուղիների վերաբացման մասին՝ Աբդոլլահիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր ավելի վաղ ունեցած հանդիպումից է մանրամասներ հայտնել։
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ Իլհամ Ալիևը, խոսելով «Զանգեզուրի միջանցքից», իրեն վստահեցրել է՝ Բաքուն երբեք չի եղել և չի լինելու միջանցք ստեղծելու և Իրանը Հայաստանին կապող պատմական ճանապարհի փակման ջատագով և որ այդ արտահայտությունը Ադրբեջանն օգտագործում է տարանցման խոչընդոտների վերացման համար։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևը երեկ էլ է խոսել՝ տեղեկացնելով, որ դրա ադրբեջանական հատվածի շինարարական աշխատանքների մոտ 70 տոկոսն ավարտվել է։
Պաշտոնական Երևանը Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։
«Արևմուտքի միջամտությունը խանգարում է խաղաղության հասնելու գործընթացին»
Թեհրանը, տալով Միացյալ Նահանգների անունը, ընդգծում է՝ Հարավային Կովկասը այլ պետությունների համար մրցակցության դաշտ չպետք է դառնա ու պնդում՝ Արևմուտքի միջամտությունը խանգարում է խաղաղության հասնելու գործընթացին։
Արարատ Միրզոյանին երեկ նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին էր ընդունել։
«Իրանը չի ընդունում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն և աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է Ռայիսին։
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկող Արարատ Միրզոյանին Իրանի նախագահը երեկ ասել է՝ հայ-ադրբեջանական բանակցությունները պետք զերծ մնան Միացյալ Նահանգների միջամտությունից։
Հստակ չէ, թե ինչպես է արձագանքել Հայաստանի արտգործնախարարը։