Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածի շինարարական աշխատանքների մոտ 70 տոկոսն ավարտվել է»։
«Մենք շատ ակտիվ աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի վրա, որը կդառնա լրացուցիչ երթուղի Ադրբեջանից դեպի Թուրքիա և Եվրոպա, ադրբեջանական տարածքում շինարարական աշխատանքների 70 տոկոսն ավարտվել են։ Այսպիսով, ոչ միայն Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին, այլ նաև Զանգեզուրի միջանցքը կանցնի Ադրբեջանով»,- պնդել է Ալիևը։
Պաշտոնական Երևանը Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։ Բաքուն մինչդեռ պնդում է, թե Երևանը պարտավորվել է Լաչինի միջանցքի օրինակով «Զանգեզուրով միջանցք» տրամադրել Ադրբեջանին, ինչն առանց մաքսակետերի տեղադրման թույլ կտա ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։
Երևանը հերքում է, թե նման պարտավորություն է ստանձնել՝ շեշտելով՝ պատրաստ է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, բայց հարգելով երկու երկրների ինքնիշխանությունը։