Հայաստանի իշխանությունը չէր քննարկել ռիսկերը, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո Իրան-Հայաստան սահմանին խնդիրներ կստեղծվեին։
«Բնականաբար, նման ռիսկեր չեն քննարկվել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այսօր ռուս սահմանապահները աշխատում են, այս պահին նաև բանակցություններ են ընթանում», - այսօր ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
«Իսկ Հայաստանն ուրիշ ընտրություն ունե՞ր», - լրագրողներին է դիմել փոխվարչապետը։ - «Այսինքն՝ ռիսկը հաշվի չենք առել, ընտրություն ունեինք ու ընտրեցինք դա... Ես չեմ կարծում, որ մենք ընտրություն ենք ունեցել»։
Զինված ադրբեջանցիները շարունակում են Գորիս-Կապան ճանապարհի իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածում կանգնեցնել Իրանից Հայաստան եկող բեռնատարներն ու ճանապարհի հարկ պահանջել։ Հինգերորդ օրն է՝ այստեղ խնդրի լուծումը չի ուրվագծվում։ Որպես այլընտրանք Պապիկյանը նշել է Տաթև - Կապան ճանապարհը։ Բայց այս ճանապարհը բեռնատարների համար անանցանելի է։ Փոխվարչապետն էլ է խոստովանում, որ վարորդները խուսափում են այդ ճանապարհից. - «Շատերը խուսափում են դրանից, որովհետև հիմնականում գերբեռնված են։ Նաև դա պարզ դարձավ, որ էդ մեքենաները հիմնականում գերբեռնված են լինում, և վարորդները խուսափում են այդ ուղղությամբ մեկնել՝ հաշվի առնելով, որ փոքր քարից անգամ կարող են անցանկալի դեպքեր տեղի ունենալ»։
Կառավարությունը նախատեսում է մինչև տարեվերջ ավարտել այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Իսկ մինչ այդ ինչպե՞ս է հանգուցալուծվելու ստեղծված իրավիճակը։ Կառավարության պաշտոնյաները կոնկրետ պատասխաններ չունեն։ Ադրբեջանցիները նախօրեին այստեղ իրանական բեռնատարների երկու վարորդի են ձերբակալել։ Ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, այդ անձինք անօրինական են մտել Ադրբեջանի տարածք։ Թե նրանց ազատելու ուղղությամբ ինչ տեղաշարժ կա, «Ազատությանը» չհաջողվեց պարզել Երևանում Իրանի դեսպանատնից։
Սուրեն Պապիկյանը ենթադրում է, որ եռօրյա ժամկետում վարորդները ազատ կարձակվեն. - «Նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը դիվանագիտական խողովակներով է աշխատում։ Խնդիրը այս պահին մեծ հաշվով այնքան էլ մեր դաշտում չէ»։
Այս խնդրի լուծման մասին վարչապետ Փաշինյանն էլ կոնկրետ ոչինչ չի ասում։ Երեկ Ազգային ժողովում հայտարարեց, որ անցած դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի վերահսկողույթան տակ անցած ճանապարհը պետք է անարգել օգտագործվի Հայաստանի տրանսպորտային միջոցների ու բեռների տարանցման համար։ Բայց օտարերկրյա բեռների տարանցման համար ոչինչ չի քննարկվել։ Փաշինյանը ենթադրում է, որ Ադրբեջանը այս իրավիճակը ստեղծել է ի պատասխան հայական կողմի հայտարարությունների, որ նոյեմբերյան ու հունվարյան եռակողմ հայտարաություններում Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու մասին դրույթ չկա։
Տնտեսագետները ահազանգում են, որ խնդիրը Հայաստանի համար լրջագույն տնտեսական հետևանքներ կունենա, հարվածի տակ կդնի Իրան - Հայաստան առևտրային հարաբերությունները։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ամենևին էլ այդ կարծիքին չէ։ Ըստ նրա, եղածը մեծ խնդիր չէ, ընդամենը խոչընդոտ է. - «Ես շատ լավ գիտեմ Իրանի հեռ առևտրի բաղադրությունը, բայց չեմ կարծում, որ խոշոր չափի պրոբլեմ կա։ Իհարկե խոչընդոտ ա առաջացել, և էդ խոչընդոտը կհաղթահարվի, վստահ եմ, շատ մոտ ապագայում»։
Էկոնոմիկայի նախարարը խորհուրդ է տալիս հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը հետևել սառնասրտորեն. - «Խնդիրը առաջանում ա, հետո խնդիրը լուծվում ա, խնդիրը առաջանում ա, հետո խնդիրը լուծվում ա... Երբ որ դուք էդպես դրամատիկացնում եք իրավիճակը, տրագիկ եք սարքում, նաև մի հատ ձեզ նայեք, դուք ի՞նչ եք արել, արդյո՞ք դուք էդ նույն դրամատիզմով եք ապրել։ Պարզ ա, մենք բոլորս ապրում ենք, ես երեխաներ ունեմ, դուք էլ ունեք, բոլորն էլ ասենք նորմալ կյանքով ապրում են, և դրամատիզացնելը ընդամենը վնաս ա տալիս»։
Լարվածությունն ու զարգացումները Որոտան գյուղի մուտքի մոտ են։ Մեծ թվով ադրբեջանիցներ են կուտակվել, զենքերը պարզած ստուգում են իրանական բեռնատարները։ Մինչ նախարար Քերոբյանը կառավարության շենքից լավատեսական հորդորներ է հղում, գյուղացիները դեպքի վայրից «Ազատությանը» պատմել են, որ վախից գիշերը արթուն են լուսացնում։
Երևանում այսօր Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին ընդունել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Պաշտոնական հաղորդագրությունում Գորիս - Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին ընդամնեը մեկ նախադասություն կա. - «Անդրադարձ եղավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտակայքում տիրող իրավիճակի լուծման աշխատանքներին»։ Թե ինչ աշխատանքներ են, մանրամասներ չկան։
Բաքվում էլ հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Մուսավին։ Սա նրանց երկրորդ հանդիպումն է վերջին երեք օրերի ընթացքում։