Մատչելիության հղումներ

Նոր հնարավորություններ ու նոր պայմաններ. ինչ կտա երկաթուղու գործարկումը գործարարներին


Հայաստանից Նախիջևան ու Ադրբեջան երկաթուղու վերագործարկման մասին խոսակցությունները ոգևորել են հայ ու իրանցի որոշ գործարարների։ Գիտեն՝ երկաթուղին նաև Հայաստանն Իրանին է կապելու։

Իրանահայ գործարար Անդրեյ Շահբազյանը, որը հիմնականում շինանյութ է ներկրում Հայաստան, կարծում է՝ երկաթուղու գործարկման դեպքում ոչ միայն Իրանից, այլև մյուս երկրներից ներմուծումների թիվը զգալիորեն կավելանա, նաև արտահանումների ծավալը կմեծանա։ Համոզված է՝ երկաթուղին գործարար դաշտի ու Հայաստանի տնտեսության զարգացմանն է նպաստելու։

«30 տարի է՝ շրջափակված ենք, բայց զարգացել է մեր IT ոլորտը, հիմա երևակայեք, որ ապաշրջափակվենք, բոլոր ոլորտները կզարգանան, չեմ կասկածում», - ասում է նա։

Դեռ քննարկվում է, որ նախ Երասխից ադրբեջանական Սադարակ տանող երկաթուղին վերագործարկվի, բայց պաշտոնապես հայտարարվել է՝ երկաթգիծը նաև Հայաստանը Իրանին ու Ռուսաստանին է կապելու։

«Եթե ընդհանրապես մեզ հաջողվի հասնել տարածաշրջանային կոմունիկացիաները, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, սա նշանակում է, որ Հայաստանը Եվրոպայի հետ, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ ստանում է երկաթուղային կապ», - ասել էր վարչապետ Փաշինյանը։

Մինչ այդ անհրաժեշտ է վերականգնել երկաթուղու գծերը. հայաստանյան հատվածի երկարությունը 1 կմ է՝ Երասխից մինչ Նախիջևանի սահման։ Երկաթգիծն այստեղ ավերվել ու քանդվել է ոչ միայն պատերազմի պատճառով։ Ըստ պաշտոնական տվյալների՝ նախնական հաշվարկներով՝ 1 կիլոմետրանոց հատվածը վերականգնելու համար 5 միլիոն դոլար կպահանջվի, իսկ Մեղրիի տեղամասի համար, որը 45 կմ է, նախնական մոտ 221 միլիոն դոլար է անհրաժեշտ։

Մեղրիի երկաթգիծը 2000-ականներին՝ նախորդ իշխանությունների օրոք, ապամոնտաժվել է ու 320 հազար դոլարով վաճառվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ «Սիվիլնեթի» այս հրապարակումից հետո քրեական գործ է հարուցվել։ Օրերս հայտնի դարձավ, որ այդ գործով հարցաքննվել են Հայաստանի երրորդ նախագահը, պաշտպանության նախկին նախարարներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնյաներ։

Երկաթուղին բոլոր առումներով է շահավետ. անվտանգության, ծախսի ու արագության տեսանկյունից ամենահարմար փոխադրամիջոցն է, կարծում է իրանահայ գործարարը. «Եթե ուզում ենք զարգացնել տնտեսությունը, պետք է կապակցված լինենք արտասահմանի շուկաների հետ, պետք է կարողանանք արտահանել, պետք է մեծ շուկաների մեջ ներթափանցենք, բայց դրա համար կարիք կա, որ մենք մրցունակ լինենք, մրցունակ լինելու պայմաններից մեկը՝ ունենալ հարմար, վստահելի տրանսպորտի միջոց»։

Իրանից միրջ-բանջարեղեն ու քաղցրավենիք արտահանող ընկերության ներկայացուցիչ Սալի Նոուբախթն ասում է՝ երկաթուղու մասին խոսակցություններն իրենց ստիպում են մտածել Հայաստանում բիզնեսն ընդլայնելու մասին։ Գործարար դաշտը Հայաստանում բարենպաստ է, միակ խնդիրը ճանապարհներն են։ 2015 թվականից են Հայաստանում գործունեություն ծավալում, իրենց գործի վրա առաջին հերթին վատ ճանապարհներն են ազդում։ Համոզված են՝ երկաթուղին կօգնի ընկերությանը Հայաստանի միջոցով արտահանումներ իրականացնել այլ շուկաններ։

«Եթե ճանապարհը բացվի, ոչ միայն մեզ համար, այլև շատ-շատ ընկերությունների համար շատ ավելի լավ է լինելու, որովհետև անմիջականորեն կարողանալու ենք ապրանքը Հայաստանից Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան ուղարկել։ Եթե Հայաստանի տարածքից դեպի Ռուսաստանի արևմուտք կարողանանք հասցնել, և՛ ավելի ապահով կլինի, և՛ ավելի մատչելի, և՛ ավելի արագ», - նշում է Սալի Նոուբախթը։

Իրան-Հայաստան առևտրաշրջանառությունը միայն անցած տարվա 11 ամիսներին ավելի քան 440 միլիոն դոլար է կազմել։

Իրանից ներմուծումների թիվն անցնում է 380 միլիոնը, իսկ Հայաստանից արտահանումները մի քանի անգամ պակաս են. այն չի հասնում անգամ 60 միլիոն դոլարի։ Հարևան իսլամական պետությունից մեր երկիր է ներկրվում նավթ, նավթամթերք, սև մետաղներ, պղինձ, ալյումին, ցեմենտ, կլինկեր, պարարտանյութեր, պլաստմասսա և այլն, իսկ Հայաստանից հիմնականում արտահանվում են ծխախոտ, կենդանիներ, ոգելից և ոչ ոգելից խմիչքներ, սև մետաղ, ալյումին։

Իրանահայ գործարար Անդրեյ Շահբազյանը մտածում է, որ երկաթուղին Հայաստանը նաև չինական ու հնդկական շուկաներին կմիացնի՝ Իրանն օգտագործելով հայկական ապրանքները Հնդկաստան ու Չինաստան փոխադրելու համար. «Նույն հաջողությունով չինացին ու հնդիկն արդեն իրենց ապրանքը կհասցնեն Հայաստան, նույն հաջողությունով էլ մենք մեր ապրանքը կտանենք Հնդկաստան և Չինաստան»։

Գործարարը նաև երկաթուղու գործարկման մեջ իր բիզնեսի համար է վտանգներ տեսնում, սակայն նշում է, որ դա գործի համար կարող է նոր հնարավորություններ ստեղծել, մտածել արդեն Հայաստանում արտադրություն սկսելու ու հայկական ապրանքները նոր շուկաներ արտահանելու մասին. «Փոխարենն զբաղվեմ ներմուծումով, կզբաղվեմ արտահանումով»։

Իրանից միրգ-բանջարեղեն ներկրող ու Ռուսաստան արտահանող հայաստանյան ընկերություններից մեկի տնօրեն Գևորգ Ղուկասյանը երկաթուղու գործարկման կողմնակից է, բայց ասում է՝ բազմաթիվ նրբություններ կան, որոնք պետությունը պետք է հենց սկզբում հաշվի առնի ու երաշխիքներ ստանա բանակցությունների ընթացքում։

«Եթե մենք խոսում ենք բացվեց ճանապարհը, այդ գների մեջ պետք է հասկանանք, տեղավորվենք, հասկանանք այդ ռիսկերը, հասկանանք ամեն ինչը՝ որ կետից որ կետով են ապրանքը տեղափոխելու», - նկատեց Ղուկասյանը։

Պայմաններն ու բեռնափոխադրումների սակագները պետք է հստակ ճշգրտվեն։ Հակառակ դեպքում, համոզված է, վտանգները կմեծանան, երկաթուղին կարող է անգամ շահավետ չլինել. «Դեմպինգ չանեն երկաթգծով, մարդիկ դուրս գան այդ խաղից, հետո կամաց-կամաց գները բարձրացնեն, որ երբ ուզեն՝ բարձեն, երբ ուզեն՝ չբարձեն, դա էլ կա չէ՞»։

Հայաստանի իշխանությունները դեռ չեն հստակեցնում, թե երբ կմեկնարկի երկաթգծի երկու հատվածների բուն շինարարությունը։ Այդ նպատակով մոտ կես ամիս առաջ կառավարությունում ձևավորված աշխատանքային խումբը դեռ նոր է սկսել աշխատանքները։ Առայժմ մոտավոր հաշվարկներ են. նույն Երասխի հատվածը հնարավոր է մի քանի ամսում, իսկ Մեղրիի հատվածը մի քանի տարում վերականգնել, մինչ այդ, սակայն, միլիոնավոր դոլարների ներդրումներ են անհրաժեշտ, թե որտեղից է այդ միջոցները պետությունը հայթայթելու, դեռ հստակ չէ։

Ադրբեջանն իր կողմում երկաթուղու շինարարությունը դեռ անցած տարվա փետրվարին է սկսել, Բաքուն նախատեսում է դրա շինարարությունն ավարտել 2023 թվականին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG