Տարածաշրջանի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունն Իրանի «կարմիր գիծն են», նման հայտարարություն էր արել Հայաստան ժամանած Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։
Հարցին թե արդյո՞ք սա «կարմիր գծերի» հատում չէ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը պատասխանեց. - «Սա ընդամենը մի փոքրիկ, Իրանի համար գոնե, միջադեպ է, և այս մասով կոշտ արձագանքներ ու գործողություններ չի լինի։ Իրանն ավելի կոշտ քայլեր կձեռնարկի, եթե ադրբեջանական կողմը կլուրջ հարձակում գործի Հայաստանի տարածքի վրա և փորձի ուժով զավթել Զանգեզուրի միջամցքը, ինչի մասին վերջին շրջանում անընդհատ հոխորտում է Իլհամ Ալիևը»։
Իսլամական Հանրապետության արտգործնախարարը, ով երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի իր գործընկերոջ հետ, արտգործնախարարությունում հայ-իրանական պատվիրակություննրի ընդալայնված կազմով հանդիպմանը առնվազն երեք անգամ խոսել է տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման կարևորության մասին։
«Մտահոգ ենք վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սրացումներից։ Մի քանի անգամ զգուշացրել ենք, որպեսզի ցուցաբերվի զսպվածություն և հարգվի երկրների ինքնիշխանությունը։ Որպես հարևան երկրի ներկայացուցիչ՝ իմ այս այցի նպատակն է ջանքեր գործադրել, որպեսզի ցանկացած սրացման պարագայում կարողանանք օգտակար լինել, և որպեսզի նմանատիպ սրացումները լուծում ստանան։ Երեկ շատ հանգամանալից զրույց եմ ունեցել Ադրբեջանում, և այսօր շատ կարևոր հարցերի շուրջ զրույց եմ ունեցել ձեզ հետ։ Հանդիպելու ենք Հայաստանի վարչապետի ու նախագահի հետ։ Հուսով եմ, որ կկարողանանք գտնել տարբերակներ՝ վերջին ժամանակաշրջանում սրված իրավիճակին լուծում տալու համար։ Ընդգծել ենք և դարձյալ ընդգծում ենք, որ միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր «կարմիր գիծն են», - ասել է Զարիֆը։
Իրանն անկանխատեսելի երկիր է, և լավ հարաբերույթուններ ունի Ադրբեջանի հետ, ասում է քաղաքագետը՝ չկիսելով այն կարծիքները, թե Իրանը կարող է Ադրբեջանի հետ բախում ունենալ։ Միաժամանակ քաղաքագետը հնարավոր է համարում, որ Թեհրանը կարող է տարբեր քաղաքական ու դիվանագիտական ճնշումներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Սյունիքում ոտնձգությունների դեպքում։
«Ռիսկայինն այն է, որ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը փորձում է Սյունիքի նկատմամբ ոտնձգություններ կատարել, իսկ դա նշանակում է, որ եթե այդ տանդեմին հաջողվի իրագործել այդ ծրագիրը, Իրանի հյուսիսն ամբողջովին, անվտանգային առումով, խնդիրներ կունենա․ Իրանը կմեկուսացվի հյուսիսային մասերում», - ասաց Վարդանյանը։
Վերջին պատերազմից հետո տարածաշրջանի վերաձևված աշխարհաքաղաքական քարտեզը նաև որոշ հնարավորություններ է բացելու Իրանի համար, այդ թվում՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, որին Իրանը սպասում էր երկար տարիներ, սակայն այդպիսի հնարավորություն երկու կողմերը չկարողացան գտնել։ Ամերիկյան պատժամիջոցների հետաևանքով Իրանի տնտեսությունը կաթվածահար էր եղել, այժմ Իրանի համար նոր ժամանակներ են սկսվում։
«Այժմ Վիեննայում, լուրջ բանակցույթուններ են ընթանում Իրանի և միջուկային հարցերով վեցյակի հետ և կողմերը գրեթե մոտ են, որ միջուկային համաձայնագիրը կվերանայվի, ԱՄՆ-ն կվերադառնա միջուկային համաձայնագրին և բոլոր պատժամիջոցները Իրանի վրայից կհանի, սա նշանակում է, որ Իրանը նորից կբացվի աշխարհի առաջ, նորից կփորձի դուրս գալ միջազգային շուկաներ, մասնավորապես, եվրոպական շուկաներ, և, այդ առումով, ամենամոտ և անվտանգ ճանապարհն Իրանի համար Հայաստանի և Վրաստանի տարածքով սևծովյան երկրներ, ըստ այդմ նաև եվրոպական երկրներ դուրս գալն է», - ասաց քաղաքագետը։
Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի ընդունի սահմանների որևէ փոփոխություն, ու նաև՝ այլ ուժերի տեղակայում իր սահմանային տարածքներում: