Մատչելիության հղումներ

Իրանի նպատակն է մաս կազմել 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ընթացող պայմանավորվածություններին․ իրանագետ


Իրանի նպատակն է մաս կազմել 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ընթացող պայմանավորվածություններին, «Ազատության» հետ զրույցում իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանն այսպես պարզաբանեց նախորդ օրերին Իրանի կտրուկ ակտիվացումը Հարավային Կովկասի ուղղությամբ։

«Իրանը չի ուզում համակերպվի այն իրողության հետ, որ տարածաշրջանային զարգացումներից ինքը դուրս է մնալու, և երկրորդը՝ այն սպառնալիքները, մարտահրավերները, որ ի հայտ եկան անցյալ տարվա պատերազմի արդյունքում, շարունակում են լուրջ անհանգստացնել Իրանին, և փորձում է տարբեր միջոցներով ճնշում գործադրել, որպեսզի իր առաջ քաշած խնդիրները լուծվեն», - ասաց իրանագետը։

Սեպտեմբերի երկրորդ կեսից սկսեցին առանձնանալ պաշտոնական Թեհրանի քայլերը․ Ադրբեջանի սահմանների մոտ իրանական զինված ուժերի լայնածավալ զորավարժությունները զուգորդվեցին Թեհրանի ու Բաքվի միջև հնչող հրապարակային փոխադարձ մեղադրանքներով։

Իրան այցելեց Հայաստանի արտգործնախարարը, որի ժամանակ երկուստեք բարձրաձայնվեց երկկողմ կապերի ամրապնդման մասին։ Երկու օր առաջ Իրանի արտգործնախարարը Մոսկվայում էր՝ ռուսաստանցի իր գործընկերոջ հետ բանակցություններից հետո հայտարարելով, որ Թեհրանը մտահոգություն ունի Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ և անթույլատրելի է «տարածաշրջանի քարտեզի փոփոխությունը»։

Երեկ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության զարգացման նախարար Ռոստամ Հասեմին, թե Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհների քարտեզը շուտով ամբողջովին կփոխվի, մանրամասնելով՝ «Նորդուզից Հայաստան գնացող ճանապարհի և կովկասյան միջանցքի հարցը կլուծվի»։ Օրեր առաջ Հայաստան էր ժամանել Հասեմիի տեղակալը՝ Խեյրոլլահ Խադեմին, ով հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է աջակցել Հայաստանին Իրան-Հայաստան նոր՝ այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցում։

«Իրանի քայլերը կարող են հնարավորությունների որոշակի պատուհան բացել Հայաստանի համար»

Աննա Դավթյան-Գևորգյանի խոսքով, Իրանի նման անհանգստությունը, քայլերը կարող են հնարավորությունների որոշակի պատուհան բացել Հայաստանի համար։

«Ոչ թե այն իմաստով, որ էստեղ փափագենք, որ էսկալացիան վերածվի նաև ռազմական բախման, որովհետև չեմ կարծում, թե դրանից մենք շահելու ենք, բայց այն հանգամանքը, որ Իրանը հիմա շատ ավելի կոշտ դիրքերից է փորձում հանդես գալ էն խնդիրների ջատագովության հարցում, որոնք նաև մեր շահերից են բխում, էդ հանգամանքը կարելի է օգտագործել՝ քննարկումների ժամանակ ավելի ծանրակշիռ դարձնելու մեր կարծիքը», - եզրափակեց իրանագետը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG