Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Թեհրանում այսօր կայացած հանդիպմանը գոհունակություն է հայտնել, որ «Ղարաբաղը վերադարձվել է Ադրբեջանին»: Հայ-իրանական սահմանի մասին, նա, ըստ իրանական պետական «Իռնա» գործակալության, ասել է. «Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակելու քաղաքականություն տարվի, իսլամական հանրապետությունը դեմ կլինի նման որոշմանը: Այդ սահմանը հաղորդակցության ուղի է, որն արդեն հազար տարեկան է»:
Էրդողանն Իրանին համերաշխության կոչ է արել քրդական ռազմականացված խմբավորումների, նաև Գյուլենի դեմ պայքարում
Մինչ Իրանի գերագույն առաջնորդի հետ հանդիպումը Էրդողանն առավոտյան հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` համատեղ ասուլիսում Իրանի նախագահն իր թուրք գործընկերոջ այցը համարել է շրջադարձային երկու երկրների հարաբերությունները բարելավելու համար: Ռաիսին համոզմունք է հայտնել, որ Իրանը և Թուրքիան ընդունակ են երկկողմ առևտրի ծավալները հասցնել 30 միլիարդ դոլարի ներկայիս մոտավորապես 10 միլիարդի փոխարեն: Իրանի նախագահն ասել է նաև, որ Թուրքիան բարեկամական և եղբայրական երկիր է:
Էրդողանն էլ Իրանին համերաշխության կոչ է արել քրդական ռազմականացված խմբավորումների, ինչպես նաև ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ վտարանդի գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ պայքարում, ում Անկարան համարում է 2016թ. ձախողված հեղաշրջման կազմակերպիչը: Թուրքիայի առաջնորդը թվարկել է քրդական կազմակերպությունները՝ PJAK, PKK, PYD, YPG, և Գյուլենի FETO շարժումը` ասելով, որ այդ ահաբեկչական կազմակերպությունները լուրջ անհանգստություն են երկու երկրների համար` նկատի ունենալով Թուրքիան և Իրանը. «Մենք պետք է շարունակենք պայքար մղել նրանց դեմ»:
Իրանի և Թուրքիայի նախագահների ներկայությամբ երկու երկրների արտգործնախարարները ստորագրել են սահմանային անվտանգության, առևտրի, դիվանագիտական հարցերով և գիտական ոլորտում համագործակցելու փոխըմբռնման մի շարք հուշագրեր:
Ռեջեփ Էրդողանի այցի գլխավոր նպատակը Թեհրան Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների եռակողմ գագաթնաժողովին մասնակցելն է:
Կեսօրից հետո Թեհրան է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր սա Պուտինի երկրորդ այցն է Ռուսաստանի սահմաններից դուրս:
Մինչ այսօր երեկոյան նախատեսված գագաթնաժողովը Պուտինը երկկողմ հանդիպումներ է ունենալու Էրդողանի, ինչպես նաև ալաթոլլահ Ալի Խամենեիի հետ:
Արդեն իսկ կայացել է Ռաիսի-Պուտին հանդիպումը: Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը շրջադարձային կլինի երկրների միջև հարաբերությունները ամրապնդելու առումով, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային օրակարգում։
Եռակողմ գագաթնաժողովի բուն նպատակը, ինչպես պաշտոնապես հաղորդվում է, Սիրիայի իրավիճակի քննարկումն է: Ակնկալվում է, որ երեք երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունելու, պլանավորված է նաև նրանց հայտարարությունը մամուլի համար:
Սիրիայում Ռուսաստանը և Իրանն աջակցում են այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին, իսկ Թուրքիան` Ասադի դեմ զինված ընդդիմությանը: Այսօրվա հանդիպման գլխավոր հարցերից մեկը Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմական նոր գործողություն սկսելու Անկարայի պլաններն են: Այդ հարցով Մոսկվան ավելի վաղ հայտնել է իր դիրքորոշումը` դեմ են սիրիական կարգավորման բազային սկզբունքների խախտմանը:
Reuters-ի մեկնաբանը Պուտինի այցը Թեհրան ուշադրության տակ է առնում երկու հանգամանքով՝ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա փոխել է նավթի համաշխարհային շուկայի կոնֆիգուրացիան, երկրորդը՝ Վաշինգտոնի նախազգուշացումն է, որ Թեհրանը մտադիր է Ռուսաստանին մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր մատակարարել՝ ուկրաինական պատերազմում օգտագործելու համար, ինչը Թեհրանը հերքել է։
Աշխարհաքաղաքական առումով, նշվում է, որ Վաշինգտոնն աջակցում է արաբա-իսրայելական դաշինքի ձևավորմանը, ինչը Մերձավոր Արևելքում կարող է էապես փոխել ուժերի հավասարակշռությունը, և սա արագացրել է հակառակ կողմի՝ իսլամական երկրի հոգևոր կառավարիչների ձգտումները՝ ամրապնդելու ռազմավարական կապերը Կրեմլի հետ։ Ռուսաստանն իր հերթին կձգտի ամրապնդել կապերը հակաարևմտյան Իրանի հետ։
Վլադիմիր Պուտինը Թեհրան է այցելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Իսրայել և Սաուդյան Արաբիա կատարած այցից մի քանի օր անց։