Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Լուրը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել են Հայաստանում Իրանի դեսպանությունից։
«Ազատությունը» հարցում է ուղարկել դեսպանատուն՝ այս մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։ Իրանի կառավարությունը անցած տարվա վերջին էր որոշել Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացել՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին: Ներկայացուցչությունը, սակայն, դեռ պաշտոնապես չի բացվել, սպասվում է, որ այս տարվա ընթացքում կբացվի:
Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի կարծիքով՝ այս քայլով Իրանը ևս մեկ հստակ ուղերձ հղեց տարածաշրջանում Թեհրանի կարմիր գծերի մասին՝ ամրապնդելով ամենաբարձր մակարդակով հնչող տեսակետը, որ իրենք դեմ են Թուրքիայից և Ադրբեջանից պարբերաբար հնչող «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին։
«Եթե նման սխալի գնա ռուսական, թրքական համաձայնության կամ ադրբեջանական արկածախնդրության հաշվին, Իրանը չի կարող անտարբեր մնալ դրանում, և որոշակի քայլերի կգնա, բայց թե էդ քայլերը որքան կկոպտանան, կխստանան, կլճանան, այսօր կարծում եմ, դեռ չի կարելի դրանց մասին մանրամասնել», - ասաց Քեշիշյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ էր հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, ով անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշեցրել էր Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունն այն մասին, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի:
Խորհրդարանի հայ-իրանական բարեկամական խմբի իշխանական պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասում է՝ այս փուլում հայ-իրանական շահերը համընկնում են։
«Սա նշանակում է, որ այն հայտարարությունները, որոնք միշտ հնչեցնում են աշխարհաքաղաքական փոփոխությունների դեմ, առարկայորեն արդեն տեսանելի են», - ասաց Թորոսյանը:
Թեհրանաբնակ Մովսես Քեշիշյանը նկատում է՝ հայ-իրանական սահմանը ռազմավարական նշանակություն ունի Թեհրանի համար, և այստեղ ամենակարևորը տնտեսական գործոնը չէ։ Չնայած Իրանը բաց սահմաններ ունի թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ, բայց նրան այլընտրանքային ճանապարհներ են պետք Վրաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի հետ կապվելու համար և այս իմաստով Հայաստանը անփոխարինելի է:
«Եթե Հայաստանի համար միայն որպես շնչափող է ծառայում Մեղրիի ճանապարհը դեպի Իրան, ապա Իրանի համար դա անվտանգային հարց է հանուն ապագայի, որովհետև այստեղ որոշակի դեր են խաղում ադրբեջանական, թրքական ներդրումները, որ կատարվում են Իրանում, փորձում են Իրանում անջատողական շարժումներ ստեղծել, փորձում են քայլերի գնալ, որը կարող է Իրանի համար ապագայում մեծ վտանգներ ստեղծել պանթուրքիստական ընդհանուր ծրագրի շրջանակում», - նշեց «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիրը:
Այս ընթացքում Իրանի դեսպանն արդեն եղել է Սյունիքի մարզում, հանդիպել Սյունիքի մարզպետի և Կապան համայնքի ղեկավարի հետ։ Դեռ ապրիլի վերջ տեղի ունեցած հանդիպման վերջում, ըստ պաշտոնական հաղորդագրության, դեսպանը Կապանում ապագա հյուպատոսության շենքի համար տարածքներ էր դիտարկել։