Մատչելիության հղումներ

Իրանի Մեջլիսի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը


Խորհրդարանները պետք է օրենսդրական մակարդակում աջակցեն Իրան-Հայաստան երկաթուղային և ավտոտրանսպորտային ճանապարհների բացման ու ենթակառուցվածքների ստեղծման գործընթացներին, այսօր, ընդունելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ասել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ Ղալիբաֆն ընդգծել է երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումն ու տևական խաղաղության հաստատումը:

Անդրադառնալով՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային և դրա հետևանքներին՝ Սիմոնյանը շեշտել է՝ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո, մասնավորապես, ռազմագերիների վերադարձը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր արժեքների պահպանումը:

«Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը», - հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի խորհրդարանի խոսանակը։

Կողմերը քննարկել են նաև տրանսպորտային տարանցման վերջին մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:

Ալեն Սիմոնյանը Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հրավերով է Իրանում։ Սա նրա առաջին այցն է Թեհրան։ Սիմոնյանն իր գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան:

XS
SM
MD
LG