Մատչելիության հղումներ

Ի՞նչ է առաջարկվել Լաչինի միջանցքի մասով բանակցային փաստաթղթերում


Ադրբեջանն ամիսներ շարունակ փակել է Լաչինի միջանցքը, և այժմ առաջարկում է Աղդամով Ստեփանակերտ բեռներ ուղարկել: Առաջարկը արձագանք է ստանում նաև եվրոպական պաշտոնյաների կողմից, թեև զուգահեռ Լաչինի միջանցքը բացելու կոչեր ևս հնչում են:

Մինդեռ ղարաբաղյան բանակցությունների ողջ ընթացքում Լաչինի միջանցքը մշտապես շատ կարևոր կետ է եղել: Դրա կարգավիճակի, լայնության, վերահսկողության վերաբերյալ հարցերը մշտապես եղել են քննարկման առարկա և տեղ գտել ներկայացված բոլոր առաջարկներում:

Ի՞նչ է առաջարկվել Լաչինի միջանցքի մասով բանակցային փաստաթղթերում

1997 Փաթեթային. Լաչինի միջանցքը՝ վարձակալությամբ ԵԱՀԿ-ին


1997 թվականի ղարաբաղյան կարգավորման առաջին փաթեթային տարբերակով, որով ենթադրվում էր Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, Լաչինի միջանցքը պետք է վարձակալությամբ տրամադրվեր ԵԱՀԿ -ին, որ միայն Ղարաբաղի իշխանություններին պետք է թույլատրեր օգտագործել այն:

Հետագայում պետք է Լաչին քաղաքը փոխանցվեր Ադրբեջանին՝ շրջանցող ճանապարհի կառուցումից հետո: Միջանցքում չէին թույլատրվելու բնակավայրեր և զինված ուժեր՝ բացառությամբ անվտանգության ուժերի: Պաշտոնյաները, դիտորդները, ԵԱՀԿ խաղաղության ապահովման ուժերի ներկայացուցիչները և տարածաշրջանի ադրբեջանցի բնակիչները նախապես զգուշացնելու դեպքում միջանցքով տարանցման իրավունք պետք է ունենային:

1997թ. Փուլային. «ԼՂ ուժերը բերվում են ԼՂԻՄ 1988թ. սահմանագծից ներս՝ բացառությամբ Լաչինի շրջանի»

1997 թվականի փուլային տարբերակով, որով Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում էր անորոշ ապագայում Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցություններին, ոչ միայն Լաչինի միջանցքն ու Լաչին քաղաքը, այլև Լաչինի շրջանն ամբողջությամբ նախկին ԼՂԻՄ տարածքի հետ միասին մնում էր հայկական վերահսկողության տակ:

Ուժերի դուրսբերման ավարտին ԼՂԻՄ սահմանագծի և Լաչինի շրջանի հյուսիսային և հարավային սահմանագծերի երկայնքով բուֆերային գոտի պիտի ստեղծվեր՝ չբնակեցված և ապառազմականացված: Բանակցությունները կարգավիճակի, Լաչինի, Շուշիի և Շահումյանի հետ կապված պիտի շարունակվեին:

1998թ. Ընդհանուր պետություն. Լաչինը՝ ապառազմականացված գոտի, դրա օգտագործման հարցը՝ առանձին բանակցությունների առարկա

1998 թվականի Ընդհանուր պետության առաջարկով՝ Ղարաբաղն ու Ադրբեջանը միասին պիտի ընդհանուր պետություն կազմեին: Ղարաբաղը հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում էր լինելու Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Իսկ Լաչինի միջանցքը պետք է մնար ապառազմականացված գոտի, այն օգտագործելու հարցի վերաբերյալ առանձին պայմանավորվածություններ պիտի լինեին, եթե Բաքուն ու Ստեփանակերտը իրենք որոշում չընդունեին Լաչինի շրջանի հատուկ ռեժիմի վերաբերյալ:

Ղարաբաղի ուժերը պետք է բերվեին 1988 ԼՂԻՄ սահմանագիծ՝ բացառությամբ Լաչինի շրջանի, մինչև Ղարաբաղի և Հայաստանի միջև անարգել հաղորդակցության համաձայնագրի ձեռքբերումը:

2001թ. Քի Վեսթ. Լաչինի միջանցքն ու Ղարաբաղը՝ Հայաստանի սուվերենության տակ

2001 թվականի Քի Վեսթի առաջարկը հրապարակված չէ, բայց առկա տեղեկատվության համաձայն՝ Ղարաբաղը Լաչինի միջանցքով հանդերձ Հայաստանին պիտի միացվեր, փոխարենը՝ Նախիջևանը՝ Մեղրիի մի մասով, իսկ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի պնդմամբ՝ հենց Մեղրիով պիտի միացվեր Ադրբեջանին:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 2021 թվականի իր ասուլիսի ժամանակ անդրադառնալով իր և Հեյդար Ալիևի քննարկած այս տարբերակին, ասում էր, որ Լաչինի միջանցքի լայնությունը հաշվարկվել էր «Գրադ»-ի խոցման հեռահարությամբ:

«Քի Վեսթի պայմանագրով ենթադրվում էր, որ Ղարաբաղը միանում է Հայաստանին մի միջանցքով, որը ևս ունենալու է նույն կարգավիճակը։ Միջանցքի լայնությունն, անվտանգության տեսանկյունից, ես այն ժամանակ այսպես էի ձևակերպել՝ «Գրադ»-ի հեռահարության երկու կողմի վրա՝ 42 կմ միջանցքով», - հայտարարում էր Քոչարյանը:

2007թ. Մադրիդյան սկզբունքներ և դրա տարբերակներ. համաձայնեցված Լաչինի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ

Մադրիդյան սկզբունքներով Արցախի կարգավիճակի հարցն առաջարկվում էր թողնել ապագայում անցկացվելիք հանրաքվեին, իսկ Լաչինի միջանցքի մասով նշվում էր, որ մինչև Ղարաբաղի կարգավիճակի որոշումը այն պետք է գտնվեր Արցախի ժամանակավոր իշխանությունների վերահսկողության տակ, իսկ դրա լայնքը պետք է համաձայնեցվեր:

Մադրիդյան սկզբունքների հետագա բոլոր փոփոխություններում ու տարբերակներում ևս նախատեսված է եղել Միջանցք Հայաստանի և Արցախի միջև:

2020թ. Նոյեմբերի 9- ի հայտարարություն. 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք

44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ևս նշված է Լաչինի միջանցքի մասին, ընդ որում, ըստ Ադրբեջանի նախագահի, հայտարարության նախնական տարբերակում առաջարկվել է դրա լայնությունը նախ 30, ապա՝ 10 կիլոմետր սահմանել, սակայն վերջնական պայմանավորվածության մեջ ֆիքսվել է 5 կիլոմետրը:

Ըստ հայտարարության՝ միջանցքը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը և լինի Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Ադրբեջանը պետք է երաշխավորի երկու ուղղություններով երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:

Փաստացի, սակայն, Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, անցակետ տեղադրել ու անգամ հումանիտար բեռների փոխադրում թույլ չի տալիս՝ այժմ առաջ քաշելով ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից Աղդամով ապրանքներ փոխադրելու առաջարկը:

«Սա Ադրբեջանի «ինտեգրացիոն քաղաքականության» մասն է»

«Այնպիսի տպավորություն է, որ Աղդամի ճանապարհի բացումը առաջարկվում է որպես հնարավոր տարբերակ Լաչինին փոխարինելու համար», - հայտարարությամբ մտահոգություն է հայտնում քաղաքացիական հասարակությունը:

Հայտարարությունը ստորագրած Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն ասում է՝ այս քայլը Ադրբեջանի «ինտեգրացիոն քաղաքականության» մասն է:

«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի նշանակությանը, պետք է հասկանալ, որ խոսքը ոչ միայն հումանիտար խնդիրների մասին է։ Լաչինի միջանցքը և, ընդհանրապես, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կայուն ու անխափան կապի հարցը, մշտապես եղել է բանակցային բոլոր փաստաթղթերի մաս։ Այստեղ հենց Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, եթե նույնիսկ հումանիտար խնդիրներ գոյություն չունեն, առանձին կարևոր հարց է՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առումով, էթնիկ ինքնությունը պահպանելու առումով։ Հիմա Ադրբեջանը փաստացիորեն ուզում է կտրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանից, Հայաստանի հետ որևէ կապից», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Ըստ Գրիգորյանի՝ այժմ մտահոգիչ է ինչպես եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններում, այսպես կոչված, Աղդամի ճանապահի հիշատակումը, այնպես էլ պաշտոնական Երևանի արձագանքի բացակայությունը նման հայտարարություններին:

«Եվրոպացի պաշտոնյաների այդ հայտարարությունները, որոնք լեգիտիմացնում են Ադրբեջանի դիրքորոշումներն, իհարկե, մտահոգիչ են, բայց նաև մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների անգործությունը։ Ես չեմ հասկանում պարզապես, թե ինչպես էր հնարավոր բրյուսելյան բանակցություններում թույլ տալ, որպեսզի այդ ձևակերպումը հայտնվի Շառլ Միշելի հայտարարության տեքստի մեջ։ Պարզ է, որ այդ հայտարարությունը համաձայնեցված է կողմերի միջև։ Հայաստանի պատվիրակությունը կա՛մ չի հասկացել այդ ձևակերպման վտանգը, կա՛մ լծակներ չի ունեցել ազդելու, բայց առնվազն պոստ ֆակտում կարելի էր արձագանքել այս հայտարարությանը և, թեկուզ ԱԳՆ մակարդակով, նշել, որ Լաչինի միջանցքի հարցը ինչ-որ այլ ճանապահների հետ նույն հարթության մեջ դնելը խիստ վտանգավոր է և կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել գետնի վրա և բարդացնել հումանիտար ճգնաժամը», - եզրափակեց Գրիգորյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG