Արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ արձանագրելով, որ միջազգային հանրությանը և միջազգային մարդասիրական կազմակերպություններին այս ամիսների ընթացքում դեռևս չի հաջողվել ապահովել իրենց հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ համապատասխան փաստահավաք առաքելություն իրականացնելու և հումանիտար աջակցություն տրամադրելու նպատակով։
Պաշտոնական Երևանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը գործի կդնի համապատասխան գործիքակազմը՝ ի կատար ածելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքը բացելու մասին՝ շեշտելով՝ սա անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու և Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը կանգնեցնելու նպատակով։
«Քաղաքակիրթ աշխարհը չի կարող և չպետք է հանդուրժի նման գործողությունները և Միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման արհամարհումը», - ասված է հայտարարությունում։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է՝ այս ամիսների ընթացքում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամը, որը մինչ այժմ ուղեկցվում է Ադրբեջանի կողմից արդեն մի քանի ամիս շարունակվող գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խաթարմամբ, շարունակում է էլ ավելի վատթարանալ։
«Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը։ Եթե Լաչինի միջանցքի անխափան գործելու պարագայում Լեռնային Ղարաբաղը ստանում էր շուրջ 400 տոննա բեռ, իսկ դեկտեմբերի 12-ից հետո ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով փոխադրվում էր դրանից տասնյակ անգամներով պակաս սնունդ, ապա այժմ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ ցանկացած ապրանքի մատակարարում ի սպառ արգելվել է», - ասված է հայտարարությունում։
Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ փորձ է կատարվել տեղափոխել ծխախոտ և բջջային հեռախոսների մարտկոցներ, ըստ ԱԳՆ-ի, մի կողմից ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության ճարահատ և արժանապատվությունը ոտնահարող իրավիճակը, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցում բեռների անխոչընդոտ տեղաշարժի չգործելու փաստը։
Իրավիճակը նույնպիսին է նաև առողջապահական ոլորտում, նշում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ մանրամասնելով՝ հստակորեն նկատվում է պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար ահրաժեշտ դեղորայքի պակաս, ինչի հետևանքով մի շարք խոցելի և լիարժեք բժշկական օգնության կարիք ունեցող խմբեր՝ քաղցկեղով և դիաբետով տառապող անձիք, հղի կանայք, մանկահասակ երեխաներ, կանգնած են լրջագույն առողջական խնդիրների առջև։ Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ նկատվում է մահացության տեմպերի աճ։
Արտգործնախարարությունն ընդգծում է՝ այս ընթացքում անհապաղ բժկական օգնություն ստանալու նպատակով ԿԽՄԿ միջոցով Հայաստան են կարողացել փոխադրվել միայն մի քանի տասնյակ հիվանդներ և նրանց ուղեկցող անձինք, սակայն նրանք ստիպված են եղել անցնել մարդկային արժանապատվությունը վիրավորող գործընթացներով, նկարահանվել և որպես գործիք են օգտագործվել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ ապացուցելու, որ Լաչինի միջանցքով իբրև թե գործում է մարդկանց անխափան անցում։