Մատչելիության հղումներ

Այս պահին մեր խնդիրը ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է. Փաշինյան


Դիվանագիտական ճանապարհով ու մամուլի լուսաբանումներով միջազգային ավելի մեծ ուշադրություն հրավիրել Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա, Արցախում վերահաս սովի վտանգի ֆոնին Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանն այս հանձնարարականներն էր տալիս իր ենթականերին՝ միևնույն ժամանակ արձանագրելով՝ Եվրոպական խորհրդի ու Ադրբեջանի նախագահների հետ բրյուսելյան բանակցությունները Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով կոնկրետ արդյունք չտվեցին։

Ոչ մի խոսք այդ բանակցություններից հետո արդեն եվրոպացիների բառապաշար մտած Աղդամով՝ Ադրբեջանի տարածքով Արցախ հումանիտար բեռներ հասցնելու մասին։ Արցախից մերժում են Բաքվի այդ առաջարկը: Իսկ ինչպե՞ս է այդ տարբերակին Բրյուսելում արձագանքել վարչապետ Փաշինյանը, այսօր էլ պարզ չդարձավ։

«Այս պահին մեր խնդիրը Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է դիվանագիտական եղանակներով և Լեռնային Ղարաբաղում հաստատված իրավիճակը միջազգային մամուլում ու սոցիալական ցանցերում հնարավորինս լայնորեն ու օբյեկտիվ ներկայացնելու միջոցով: Այս ընթացքում՝ էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը», - հայտարարեց վարչապետը:

Արթուր Խաչատրյանը ոչ բավարար է համարում Փաշինյանի հանձնարարականները

Ընդդիմադիր Դաշնակցությունից պատգամավոր Արթուր Խաչատրյանը ոչ բավարար է համարում ստեղծված ծանրագույն իրավիճակում Փաշինյանի հանձնարարականները։ Քայլերը, որոնց մասին խոսեց վարչապետը, կարծում է արդեն ուշացած են՝ կես տարի առաջ պետք է արվեին։

«Քաղաքական խնդիրը՝ պետք է ասեն՝ ժողովուրդ, աշխարհ, տեսնո՞ւմ եք ինչ է անում ցեղասպան Ադրբեջանը, դուք ինչպե՞ս եք համակերպվելու, որ Արցախն Ադրբեջանի ենթակայության տակ անցնի: Դրա մասին չեն խոսում, վախենում են: Հենց իրանք Արցախի քաղաքական խնդիրը, կարգավիճակի, ինքնորոշման խնդիրը բերեցին ինչ-որ իրավունքների մակարդակի գցեցին, Ադրբեջանը փակեց ճանապարհը: Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ, դե սահմանը, եթե Ադրբեջան է, Ադրբեջանն էլ ասում է՝ «փակել եմ, իմ սահմանն է, ինչ կուզեմ կանեմ, հաց եք ուզո՞ւմ, Աղդամով կտամ», - նշեց Խաչատրյանը:

Իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն, ըստ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող Փաշինյանի, Ստեփանակերտ- Բաքու երկխոսությունն է՝ միջազգային մեխանիզմի ներքո, մի սցենար, որ Բաքուն ամիսներ շարունակ կտրականապես մերժում է:

«Մեր համոզմունքը եղել և շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների, այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ ու սպառնալից հռետորաբանությունը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, որի խորքային նպատակը, մեր գնահատմամբ, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացումն է», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը կարծում է՝ հենց ինքը՝ Փաշինյանը խոստովանեց՝ բանակցային հարթակներում ձախողվում է. - «Ողջ վարած քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի ձախողվել է, ինքը փոխանակ դա հասկանա, շարունակում է նույն սխալները կրկնել: Այդ սխալն Ադրբեջանի բոլոր պահանջների առաջ լուռ ու մունջ ընկրկելն է, հույս ունենալով, որ ինքը կբավարարի Ադրբեջանի ախորժակը: Կկուն այդպես իր ձագերին տալիս է աղվեսին՝ հույս ունենալով, որ գոնե մի ձագ իրեն կմնա»:

Մեկ ամսից ավելի է Ադրբեջանն արգելում է Լաչինի միջանցքով Հայաստանից որևէ հումանիտար բեռ տեղափոխել։ Իսկ այս պահին սննդի խիստ պակասի պայմաններում Հայաստանը որևէ կոնկրետ քայլ ձեռնարկո՞ւմ է ԼՂ-ի հայերին օդային ճանապարհով օգնություն հասցնելու համար՝ ՄԱԿ-ի պարենի հարցերով գործակալության կամ ռուս խաղաղապահների միջոցով, հստակ չէ։ Կառավարությունից դեռ չեն արձագանքել մեր այս հարցին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG