ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ճկունության կարևորությունը։ Այս մասին երեկ հաղորդել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Քարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և տեղեկացրել նրան հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ԱՄՆ-ի շարունակական աջակցության ու քննարկումներում ստեղծարար մոտեցման, ճկունության և փոխզիջման անհրաժեշտության մասին», - ասած է հաղորդագրությունում: - «Քարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով կոմերցիոն, հումանիտար և մասնավոր մեքենաների անխափան անցման կարևորությունը»:
Միլլերի փոխանցմամբ՝ Բլինքենը նաև շեշտել է, որ երկու կողմերի համար կարևոր է պահպանել «դրական դինամիկան երկարաժամկետ և արժանապատիվ խաղաղությանն ուղղված բանակցություններում»:
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ալիևը Բլինքենի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ «թեև Ադրբեջանը ապահովել է մարդասիրական բեռների փոխադրման, անհատական անցումների և բժշկական տարհանման կազմակերպումը Լաչինի սահմանային և մաքսային անցակետով, հունիսի 15-ին Հայաստանի կողմից զինված սադրանք է իրականացվել, ինչպես նաև մաքսանենգության դեպքեր են հայտնաբերվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվող հումանիտար բեռներում»։ Ալիևը Բլինքենին տեղեկացրել է, որ « փաստերն այժմ հետաքննվում են», փոխանցում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
Նույն օրը ճեպազրույցի ժամանակ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակին հարց է ուղղվել, թե կոնկրետ ինչ ի նկատի ունի ամերիկյան կողմը՝ հայտարարելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղությունը հասանելի է», «համաձայնությունը հասանելի է» ("within reach"):
Դա նշանակում է, պարզաբանել է Մեթյու Միլլերը, որ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերում: «Նույնիսկ վերջին հանդիպման ժամանակ նրանք նեղացրել են չլուծված մնացող հարցերի թիվը», - հավելել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ ամփոփելով. - «Եվ այսպես, մենք կարծում ենք, որ լուծվելիք ավելի քիչ հարցերի դեպքում համաձայնությունը հասանելի է, բայց դա ենթադրում է, որ, իհարկե, երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն փոխզիջման»:
Նախօրեին հեռախոսազրույց էր կայացել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Հայաստանի վարչապետի միջև: Էնթոնի Բլինքենը Թվիթերում գրել է, մասնավորապես, որ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում վերահաստատել է իր «ամուր աջակցությունն Ադրբեջանի հետ խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին»:
Հունիսի վերջին Վաշինգտոնի Արլինգթոն արվարձանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններից հետո հրապարակված միասնական հայտարարությունում ասվում էր, որ կողմերը համաձայնեցրել են համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդված և «գրանցել փոխըմբռնման առաջընթաց»:
Ամփոփելով այդ քննարկումները, պետքարտուղար Բլինքենը հայտարարել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթաց կա, բայց վերջնական համաձայնության հասնելու համար դեռ շատ աշխատանք կա կատարելու: