Աշխարհի ժողովրդավարական երկրներից շատերը համախմբվում են՝ ընդդիմանալու Մոսկվայի ներխուժմանը Ուկրաինա, սակայն նրանք չպետք է մոռանան, որ այլ, նմանատիպ անարդարություններ են ծավալվում նաև այլ վայրերում, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում, հայտարարում է Freedom house-ը։
«Ժողովրդավարական երկրները պետք է ուղղակի մարդասիրական օգնություն ցուցաբերեն հակամարտությունից տուժած բնակչությանը՝ նրանց տառապանքը մեղմելու համար», - գրել է միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը՝կոչ անելով նրանց ազդել միջազգային կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա՝ օգնելու իրագործել Լաչինի ապաշրջափակման հարցով միջազգային դատարանի որոշումները:
Գործնականում նման գործողությունները կարող են նաև հետ պահել Բաքվին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ռազմական սրացումներն օգտագործելուց՝ Երևանի հետ իր բանակցություններում տարածքային զիջումներ ձեռք բերելու համար, նշված է հոդվածում:
Իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է նաև, որ ժողովրդավարական երկրներն արդեն իսկ արտահայտել են իրենց մտահոգությունը Բաքվի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին հանձնարարել է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ ապահովելու մարդկանց, մեքենաների և բեռնատարների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, սակայն Ադրբեջանի կառավարությունը, որ հայտնի է միջազգային տարբեր մեխանիզմների անտեսմամբ, հերթական անգամ դա է անում։
Freedom house-ը հավելում է, որ Ադրբեջանի կառավարությունը սովորաբար հանդուրժող չէ քաղաքացիական հասարակության անկախ խմբերի նկատմամբ և բռնությամբ ցրում է չարտոնված բողոքի ցույցերը։ Միաժամանակ նշում է՝ անցյալ տարվա դեկտեմբերին ռեժիմի հետ կապված մի խումբ «էկոակտիվիստներ» են, որ արգելափակեցին երթևեկությունը Լաչինի միջանցքով, իսկ արդեն այս տարվա ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ, Ադրբեջանի իշխանությունները սկսեցին միջանցքում պաշտոնական անցակետեր տեղադրել։
Այս քայլը քննադատության է արժանացել ԱՄՆ պետդեպարտամենտի, Եվրամիության և այլ երկրների ու կառույցների կողմից:
Միաժամանակ, կառույցը նաև գրում է, որ Ռուսաստանը, որի խաղաղապահ առաքելությունը, որ պատասխանատու էր Լաչինի միջանցքով անխափան երթևեկության համար, հազիվ արձագանքել է Բաքվի կողմից հրադադարի մասին հայտարարության կրկնակի խախտումներին։