Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը և ԵԱՀԿ-ն, մասնավորապես, չեն կարող լռել, քանզի վտանգված է 120 հազար մարդու կյանք. Միրզոյան


Հայաստանն ադրբեջանական կողմից չորս քայլի կատարում է ակնկալում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ։

Հուլիսի 20-ին Վիեննայում Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին արտգործնախարար Արարատ Միրզոյանը թվարկել է դրանք՝ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ու անվտանգությունը, իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, ապահովել մարդասիրական հասանելիություն դեպի Լեռնային Ղարաբաղ և համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կառույցների հետ, լուծել ղարաբաղյան հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերը բացառապես խաղաղ միջոցներով:

Արարատ Միրզոյանն ահազանգել է՝ Արցախում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է վատթարանում: Ըստ նրա՝ իրավիճակը տեղում գնահատելու համար պահանջվում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունը:

«ԵԱՀԿ-ն՝ իր մանդատով լիազորված իր կառույցներով, 1990-ականների սկզբից ներգրավված է եղել միջնորդելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Ցավոք, ուժի կիրառումը և պատերազմական ագրեսիան լուրջ հարված հասցրին այդ ջանքերին։

Թեպետ Ադրբեջանը սխալմամբ պնդում է, որ ԼՂ-ն այժմ ներքին խնդիր է, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը ցույց է տալիս, որ առանց կենսունակ միջազգային մեխանիզմի ոչ մի հայ չի գոյատևի Լեռնային Ղարաբաղում», - հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ պնդելով, թե այդ կերպ իրականացնում է Դատարանի որոշումը: Հունիսի 15-ին Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքը՝ արգելելով ցանկացած տեսակի հասանելիություն դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար:

Այս ամենն Արցախում հանգեցրել է սննդամթերքի պակասին և խանութների փակմանը: Նախքան շրջափակումը սպառվող սննդամթերքի մոտ 90 տոկոսը ներմուծվում էր Հայաստանից: Ամեն օր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ստանում 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք:

Նախարարի պնդմամբ՝ արդյունքում այսօր Արցախի ժողովուրդը հայտնվել է սովի մատնվելու և սովամահության եզրին:

Չնայած Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա վատթարացումը սպառնում է լրջորեն վնասել ընթացող քաղաքական գործընթացին, շեշտել է նախարար Միրզոյանը՝ հավելելով, որ իրավիճակը պարզից էլ պարզ է՝ Լաչինի միջանցքի բացման նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը մեծապես կնպաստի տարածաշրջանի խաղաղության հեռանկարներին։

«Մենք այլևս չենք խոսում վերահաս ճգնաժամի մասին, մենք խոսում ենք շարունակվող հումանիտար աղետի մասին: Միջնադարյան գործելաոճը պետք է դադարեցվի: Այսպես չի կարող շարունակվել, եթե մենք լուրջ ենք վերաբերվում արժեքներին և սկզբունքներին։ Միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ և ԵԱՀԿ-ն, մասնավորապես, չեն կարող լռել, քանզի վտանգված է 120 հազար մարդու կյանք։

Լեռնային Ղարաբաղի պաշարումը և Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է անհապաղ վերացվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և դրանից բխող հարցերը պետք է պատշաճ և բարեխիղճ կերպով հասցեագրվեն: Դա ճանապարհ կհարթի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների առաջմղման համար և այդքան երկար սպասված խաղաղություն կբերի տարածաշրջան», - ասել է Արարատ Միրզոյանը։

Նա կոչ է արել այլևս չլռել, չլինել անտարբեր ու գործել։ Միաժամանակ հիշեցրել է ՀՀ վարչապետը՝ Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը ճանաչելու պատրաստակամությունը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն այն ընկալմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է և չի կարող սխալ մեկնաբանվել և օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների արտոնություն», - նշել է Արարատ Միրզոյանը։

XS
SM
MD
LG