Մատչելիության հղումներ

«Ադրբեջանն անցել է պատերազմական հանցագործություն հանդիսացող գործողությունների». Արցախի ԱԳՆ


Արցախի արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է՝ Լաչինի միջանցքի ամբողջական և կամայական արգելափակումը, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ-ի կողմից Արցախի պաշարված ժողովրդի հիմնական կարիքների համար նախատեսված մարդասիրական բեռների փոխադրմանը միտումնավոր խոչընդոտելը, միջազգային իրավունքում դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն։

«Ըստ էության, Ադրբեջանը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների աղաղակող խախտումներից և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի իրավաբանորեն պարտավորեցնող վճռի լիակատար անտեսումից անցել է պատերազմական հանցագործություն հանդիսացող գործողությունների», - ասված է հաղորդագրությունում։

Արցախի ԱԳՆ-ն նշում է, որ հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի հետ կապված սադրանքից հետո Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է միջանցքը, այդ թվում՝ զրահամեքենաների օգտագործմամբ. միջանցքով երկու ուղղություններով երթևեկությունն արդեն փակ է նաև ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների համար։

Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է՝ լիակատար շրջափակումը և արտաքին աշխարհից մեկուսացումը խորացնում են հումանիտար ճգնաժամը. «Ամբողջովին արգելափակելով Լաչինի միջանցքը, որն արցախցիների կյանքի միակ ճանապարհն է, Ադրբեջանը փաստացի նոր մակարդակի է հասցրել Արցախի էթնիկ զտման և որպես այդպիսին նրա ժողովրդի ոչնչացման իր նպատակաուղղված քաղաքականությունը»։

«Կասկածից վեր է, որ Լաչինի միջանցքի նկատմամբ ապօրինի վերահսկողություն սահմանելու սկզբնական նպատակը եղել է դրա հետագա արգելափակումը և շրջափակման օգտագործումը որպես Արցախի ժողովրդի դեմ ագրեսիվ և ցեղասպան քաղաքականություն վարելու միջոց։ Ըստ էության, Լաչինի միջանցքը, որն ի սկզբանե նախատեսված էր արտաքին աշխարհի հետ Արցախի կապն ապահովելու համար և հանդիսանում էր նրա ժողովրդի բնականոն կենսագործունեության երաշխիքներից մեկը, Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես ռազմաքաղաքական գործիք՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար:

120 հազար մարդկանց, այդ թվում՝ կանանց, ծերերին և երեխաներին գիտակցաբար սովի մատնելը, նրանց ամենօրյա անտանելի տառապանքներ պատճառելը, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով սեփական կամքը պարտադրելը, միջազգային հանրությունից պահանջում են ձեռնարկել հրատապ և արդյունավետ հարկադրական բնույթի միջոցներ՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումները կանխելուն», - մասնավորապես ասված է հաղորդագրությունում։

Ստեփանակերտը պահանջում է, որպեսզի միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամները ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ՝ «դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական միջազգային հանցագործությունները, ինչպես նաև կանխելու Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանության աղետը»:

«Ժամանակն է նաև, որպեսզի ԿԽՄԿ-ն և այլ համապատասխան միջազգային կառույցները և իրավապաշտպան կազմակերպությունները պատշաճ և համարժեք գնահատեն ստեղծված իրավիճակը և հորդորեն Ադրբեջանի իշխանություններին հարգել Արցախի ժողովրդի մարդասիրական օգնության և միջազգային պաշտպանության իրավունքը։ Ընդգծում ենք, որ անգործությունը և անտարբերությունը փաստացի խրախուսում են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները», - ընդգծում է Արցախի ԱԳՆ-ը։

Հունիսի 15-ից ի վեր՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից արգելափակված է ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառյալ պարենի և դեղորայքի մատակարարումներն Արցախ:

XS
SM
MD
LG