Լաչինի միջանցքն ապաշրջափակելու պահանջով բազմաթիվ արցախցիներ այսօր Ստեփանակերտի փողոցներ էին դուրս եկել՝ պաշտոնյաներից ավելի կոնկրետ քայլեր ակնկալելով:
«Ստեղ սպասում ենք, կոչ արեք բոլորը գան միանան մեզ, գնանք հրապարակ, հասկանանք մեր ղեկավարությունը միանում ա մեզ թե չէ, եթե չի միանում, մենք մեր քայլերը անենք», - հայտարարեցին հավաքի մասնակիցները:
Արդեն ուղիղ 7 ամիս շրջափակված Արցախն այս պահին ընդհանրապես կտրված է Հայաստանից։ Անցած ամիս Հակարիի կամրջի հայկական հատվածում ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հետո Հայաստանից հումանիտար բեռներ չեն մտնում։ Ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխող Կարմիր խաչի հատուկենտ մեքենաներն էին միայն վերջին շաբաթներին անցնում կամրջով։ Երեկ Ադրբեջանը նաև դրանց տեղաշարժն արգելեց՝ պատճառաբանելով, թե այդ մեքենաներով փորձել են արգելված ապրանքներ հասցնել մասնավորապես՝ ծխախոտ, բջջային հեռախոսների էկրաններ, բենզին։
Լեռնային Ղարաբաղում արդեն նկատվում է մահացության տեմպերի աճ, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը։ Այսօր տարածած հաղորդագրությունում արտաքին գերատեսչությունը շեշտում է՝ Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը կանի ամենը՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն իրականացնելու համար:
«Քաղաքակիրթ աշխարհը չի կարող և չպետք է հանդուրժի նման գործողությունները և Միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման արհամարհումը», - ասված է հայտարարությունում։
Պաշտոնական Երևանը փաստում է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ վերջին շաբաթներին արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։ Արցախում նաև դեղորայքի պակաս կա, մի շարք խոցելի և լիարժեք բժշկական օգնության կարիք ունեցող անձիք առողջական լրջագույն խնդիրներ կարող են ունենալ։
Արցախի հումանիտար խնդիրներին նաև Արևմուտքն է անդրադարձել
Լիակատար շրջափակման մեջ հայտնված Արցախի հումանիտար խնդիրներին այսօր նաև Արևմուտքն է անդրադարձել՝ Ադրբեջանին կոչ անելով բացել ճանապարհը։
Ազատ և բաց տարանցումը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի, հայտարարում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
«Հումանիտար երթևեկության կասեցումն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և վտանգում խաղաղության գործընթացում վստահություն ձևավորելու ջանքերը»,- «Ազատությանը» հայտնել են դեսպանատնից։
Արցախի լիակատար բլոկադայի մասին այսօր նաև Բրյուսելում են խոսել. Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակը հայտարարել է՝ ԵՄ-ն աջակցում է Կարմիր խաչի վճռորոշ դերի իրագործմանը տարածաշրջանում և վերահաստատում Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու Ադրբեջանին ուղղված կոչը։
«Միջազգային հանրությունը սպասում է հազարներով մարդիկ մեռնեն, որպեսզի հետո երկերեսանիորեն ափսոսանքներ արտահայտի», - անդրադառնալով միջազգային հանրության դերակատարությանը՝ այսօր հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
«Ռուս խաղաղապահներն իրենց պահպանման համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի, իսկ միջազգային դերակատարները հայտարարություններից բացի այլ քայլեր չեն ձեռնարկում», - նշել է Գեղամ Ստեփանյանը՝ ընդգծելով՝ Արցախում իրավիճակն արդեն օրհասական է։