Մատչելիության հղումներ

Եվգենի Պրիգոժինը «գժվե՞լ է»


Եվգենի Պրիգոժինը և Վլադիմիր Պուտինը, կոլաժ:
Եվգենի Պրիգոժինը և Վլադիմիր Պուտինը, կոլաժ:

Նրա պարագայում ոչ միայն փողն է գործոն

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հունիսի 24-ի զինված խռովությունը Կրեմլը որակել է որպես դավաճանություն: «Հարված թիկունքից, անհամաչափ հավակնություններ և անձնական շահեր»,- սա նախագահ Վլադիմիր Պուտինի եզրահանգումն էր:

Ռուսաստանցի իշխանամետ փորձագետներից շատերը «Վագների» լիդեր, Պուտինի երբեմնի բարեկամ և զինակից Եվգենի Պրիգոժինի ապստամբությունը բացատրել են նաև ֆինանսական հաշվարկով, պնդելով, թե վագներականները չէին ուզում ենթարկվել պաշտպանության նախարարությանը, քանի որ այդ դեպքում կփոխվեր ֆինանսավորման մեխանիզմը:

Անձամբ Պուտինն էլ ասել է, թե Պրիգոժինի «Կոնկորդ» ընկերությունը մեծ հարստություն է դիզել, քանի որ վագներականների ծախսերը գործնականւմ պետությունն է հոգացել: Փողի թեման, անշուշտ, իր տեղն ունի, բայց հիմա խոսում են մեկ այլ հանգամանքի մասին:

Դաժան պատիժ աննշան վրիպակի համար

«Պրոյեկտ» թիմը, որը միավորել է ռուսաստանցի մի քանի անվանի անկախ լրագրողների, պատրաստել է վերլուծություն, որի համաձայն, Պրիգոժինի արարքները կարող են բացատրվել այդ թվում նրա ֆիզիկական և հոգեկան ծանր վիճակով:

«Պրոյեկտը» վկայակոչել է Պրիգոժինի աշխատակիցներից մի քանիսին, ովքեր ասել են, թե նա հակված է բռնության: Իր ընկերություններում պահել է հատուկ խմբեր, որոնք աննշան վրիպակների համար աշխատակիցներին դաժանաբար ծեծել են, մի քանիսին նույնիսկ օրերով պահել են նկուղներում։

Պրիգոժինի դահիճների գործողությունների հետևանքով մարդիկ մահացել են կամ առողջական ծանրագույն վնաս են կրել, սակայն ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Ըստ «Պոյեկտի», հայտնի են առնվազն մեկ և կես տասնյակ նման դեպքեր։

Ռեստորանում ծնված բարեկամությունը

Պուտինը և Պրիգոժինը, ենթադրաբար, ծանոթացել են «Ստարայա տամոժմնյա» ռեստորնում, որը «Վագների» ապագա հիմնադիրը Սանկտ Պետերբուրգում 1995 թվականին է բացել:

Նախագահ դառնալուց հետո Պուտինը կարևոր այդ թվում՝ մի շարք միջազգային հանդիպումների համար հաճախ է ընտրել Պրիգոժինին պատկանող մեկ ուրիշ ռեստորանը՝ New Island-ը:

Դրանցից հետո Պրիգոժինի վերելքն անկասելի էր: Պուտինը կարգադրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին և այն ժամանակվա պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին հենց Պրիգոժինի ընկերություններից ապրանք պատվիրել դպրոցների, ԲՈւՀ-երի և բանակի համար: Տարիների ընթացքում կնքվել են հարյուր միլիարդավոր ռուբլիների պայմանագրեր:

«Տրոլների ֆաբրիկան» և «Վագների» վարձկանները

Պրիգոժինը գործել է տարբեր ուղղություններով: Դրանցից մեկը Սանկտ Պետերբուրգում «տրոլների գործարանն» էր, որի նպատակն էր համացանցում կեղծիքներ տարածելով տարբեր երկրներում, այդ թվում՝ Ամերիկայում, ազդեցություն գործել հանրային կարծիքի վրա, միջամտել ընտրական գործընթացներին:

Մյուս ուղղությունն էլ 2013-ին ստեղծված «Վագներ» խումբն էր, որի ջոկատները ռազմական գործողությունների են մասնակցել ոչ միայն Ուկրաինայում, այլև Սիրիայում և աֆրիկյան երկրներում և այնտեղ, ինչպես բազմաթիվ փաստաթղթեր են վկայում, պատերազմի հանցագործություններ են կատարել:

Ինքը՝ Պրիգոժինը 1980-ականներին դատապարտվել է թալանի, ավազակության և խարդախության համար:

Ռուսաստանում նրա առաջնորդած ձախողված խռովության ընթացքում սպանվել են Ռուսաստանի կանոնավոր բանակի տասնյակ զինծառայողներ, մասնավորապես, օդաչուներ:

Ասա՝ ով է ընկերդ, ասեմ ՝ով ես դու

Եվ այնուամենայնիվ, խռովությունից օրեր անց Պուտինը նրա հետ հանդիպել է Կրեմլում: Դա ապացուցում է, որ Պրիգոժինն ունի ինչ-որ լուրջ լծակներ, և քաղաքական առևտուրը Կրեմլի հետ տակավին շարունակվում է:

Կրկնահանցագործ, սադիստ, ով ոչ մի մեթոդից չի խորշում, գերադասում է դաժան և արյունալի գրոհներ, պաթոլոգիկ սեր ունի արյան նկատմամբ: Եվ երկար տարիներ Պուտինի ընկերն է եղել: Ռուսներն էլ ունեն այս թևավոր խոսքը. «Ասա, թե ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»:

Բզկտված ստամոքս և աղիներ

Էլ ի՞նչ է հայտնի Պուտինի այդ ընկերոջ մասին: «Պրոյեկտի» լրագրողների փոխանցմամբ, կան տեղեկություններ, որոնց համաձայն, Պրիգոժինի մոտ քաղցկեղ են հայտնաբերել, նա բուժվել է թանկ հիվանդանոցում, և այս պահին, ուռուցքի զարգացում, ենթադրաբար, չկա:

Պրիգոժինի շրջապատում չեն բացառում, որ այդ հիվանդությունն էլ կարող էր ազդել նրա հանցավոր պահվածքի վրա: «Նա բզկտված ստամոքսով և աղիներով մարդ է»,- ասել է ծանոթներից մեկը:

Պրիգոժինի շրջապատից մի ուրիշ անանուն աղբյուր էլ, պատասխանելով այն հարցին, թե, ի վերջո, ինչո՞ւ նա կազմակերպեց հունիսյան խռովությունը, ասել է. - «Он психанул»՝ «Նա գժվել է»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG