Պուտինը մեկնել է Դաղստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մեկնել է Դաղստան, Դաշնության ամենահարավային քաղաքը՝ Դերդենտ, որտեղ նրան դիմավորել են մեծ խանդավառությամբ, շնորհակալական ուղերձներով և գովեստի խոսքերով ու սելֆիներ անելու խնդրանքներով:
Երկիրը փորձում է ուշքի գալ անցած շաբաթավերջի զինված խռովության փորձից հետո: Մինչդեռ, կան անպատասխան շատ հարցեր՝ ինչ ազդեցություն կգործի անցած շաբաթավերջին «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի նախաձեռնած ձախողված արկածախնդրությունը Կրեմլի, թվում էր, գերհզոր դիրքերի վրա, և արդյո՞ք եթե ոչ քաղաքական, ապա զինվորական վերնախավում հնարավոր են կադրային փոփոխություններ:
Պրիգոժինն անցած ամիսներին մշտապես գանգատվել է, թե Պաշտպանության նախարարությունը հարկ եղած չափով զինամթերք չի տալիս վագներականներին: Նախարար Սերգեյ Շույգուի և գլխավոր շտաբի պետ, Ուկրաինայի օպերացիայի հրամանատար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հասցեին նրա ասածը, եթե ձայնային նշանով փակել հայհոյանքը և մեղմ, գրական բառապաշար ընտրենք, հետևյալն է՝ «դուք անտաղանդ զորավարներ եք, մտածում եք միայն ձեր փողի ու պաշտոնի մասին, մեզ զինամթերք չեք տալիս, մեր մարդիկ զոհվում են, և դուք դրա համար դժոխք կգնաք»:
Արդյո՞ք Սուրովիկինը գիտեր խռովության ծրագրի մասին
Եվ եթե ձախողված խռովությունից հետո պաշտպանության նախարարը հայտնվել է էկրաններին, ապա գլխավոր շտաբի պետի մասին տեղեկատվություն չկա, իսկ այս պատերազմի հիմնական դերակատարներից մյուսի՝ գեներալ Սերգեյ Սուրովիկինի մասին տեղեկություն կա, և այն շատ ուշագրավ է:
Ըստ վերնախավում կապեր ունեցող «Էխո Մոսկվի» ռադիոկայանի նախկին խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի, Ուկրաինայում ռուսական բանակի հրամանատարի տեղակալ Սուրովիկինը երեք օր է՝ չի շփվում ընտանիքի հետ, և հնարավոր չէ կապ հաստատել նրա օգնականների ու պահակախմբի հետ:
Եվ հայտնվել է վարկած, որի համաձայն, Սուրովիկինն, իբր, նախապես տեղյակ էր Պրիգոժինի մտադրության մասին:
«Վագների» լիդերն, իբր, մտադիր էր Դոնի Ռոստովում առևանգել Շոյգուին և Գերասիմովին, սակայն ՖՍԲ-ն՝ անվտանգության դաշնային ծառայությունն, իմացել է այդ մասին, նախարար Շոյգուն ու գլխավոր շտաբի պետ Գերասիիմովը շտապ հեռացել են, և դա էլ Պրիգոժինին ստիպել է նախատեսվածից շուտ սկսել խռովությունն, ինչն, իբր, էլ դրա ձախողման պատճառն է դարձել:
Որոշ տելեգրամ-ալիքներ պնդում են, թե խռովության գործով կան ձերբակալվածներ, և որ նրանց թվում կարող է լինել նաև Սուրովիկինը: Պաշտոնական աղբյուրները դա հերքում են:
Փող, ամբիացիաներ, դավաճանություն
Պետական դումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտոպոլովի փոխանցմամբ, արդարությունը վերականգնելու պահանջով ապստամբություն կազմակերպելու մասին Պրիգոժինի բացատրությունն իրականությանը չի համապատասխանում:
Նա տեղեկացվել է, որ ոչ կանոնավոր կառույցները պետք է պայմանագրեր կնքեն Պաշտպանության նախարարության հետ, այլապես կզրկվեն ֆինանսավորումից և Ուկրաինայում օպերացիային մասնակցելու իրավունքից: Բոլոր մասնավոր ռազմական կառույցներն ընդունել են պայմանը, սակայն «Վագները» մերժել է:
«Ահա դրդապատճառները. առաջինը՝ փող, երկրորդը՝ հիմար և ոչ համարժեք հավակնություններ, երրորդը՝ հուզված վիճակ է: Այդ ամենն արդյունքում վերածվեց պետական դավաճանության փորձի և մարտական ընկերների խաբեության»,- ասել է Կարտոպոլովը:
Կա երկու ճանապարհ՝ Բելառուս և Աֆրիկա
Ի՞նչ է անելու «Վագները»: Բելառուսում նրանք առաջարկում են տեղավորվել լքված զորամասի տարածքում:
Բայց վագներականները և նրանց լիդեր Պրիգոժինը գուցե կշարունակեն ակտիությունն Աֆրիկայում, որտեղ ապահովում են Կենտրոնաֆրիկյան Հանրապետության ղեկավարների անվտանգությունը և պաշտպանում ոսկու և ադամանդի հանքերը:
Այդ հնարավորության մասին է խոսել նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը. ««Վագներն» անկախ ընկերություն է և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում վարում է իր բիզնեսը, որի հետ Ռուսաստանի պետությունը ոչ մի կապ չունի»:
«Վագների» խմբերն աշխատում են նաև ուրիշ երկրներում, Սիրիայում պետական պաշտոնյաներին են պաշտպանում, այլ տեղերում հսկում են օգտակար հանածոների հանքերը:
Ռուսների բարոյահոգեբանական վիճակը սասանվել է
Դե իսկ բուն Ռուսաստանում խռովությունը հետևանք կունենա՞: Բանակի հետազոտությունների հարցերով ուկրաինական վերլուծական կենտրոնի փոխտնօրեն, փորձագետ Միխայիլ Սամուսի համոզմամբ, Պրիգոժինը միշտ քաղաքական և տնտեսական պատվերներ է կատարել, և այս վերջին իրադարձությունը հարված կհասցնի բանակին:
«Գործընթացը կշարունակվի, ռուսական զորքի բարոյահոգեբանական վիճակն ու մոտիվացիան, վստահ եմ, սասանվել են: Պուտինի երեկվա բացատրությունները և հավաստիացումները միայն ավելացրել են կասկածներն առ այն, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, ուստի, կարծում եմ, որ ռուս սպաների և զինվորների համար դժվար ժամանակներ են սկսվում»,- ասել է Սամուսը: