Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտնել է, որ վագներականների հունիսի 24-ի նախաձեռնած խռովության ձախողումից օրեր անց՝ հունիսի 29-ին, Կրեմլում տեղի է ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր ու ղեկավար, մեծահարուստ Եվգենի Պրիգոժինի հանդիպումը:
Ըստ Պեսկովի՝ հանդիպմանը մասնակցել է 35 մարդ․ «Վագներ» ընկերության ղեկավարությունը՝ ներառյալ Պրիգոժինը, և «Վագների» ջոկատների հրամանատարները:
«Քննարկումը տեղի է ունեցել Կրեմլում և տևել է գրեթե 3 ժամ: Մանրամասները հայտնի չեն, միակ բանը, որ կարող ենք ասել, այն է, որ նախագահն իր գնահատականներն է տվել «Վագների» գործողություններին «հատուկ ռազմական օպերացիայում» և հունիսի 24-ի ընթացքում»,- հայտնել է Պեսկովը:
Խոսնակի փոխանցմամբ, նախագահը լսել է «Վագների» հրամանատարների բացատրությունները և առաջարկներ է ներկայացրել՝ նրանց հետագա աշխատանքի և մարտերում հետագա մասնակցության հնարավորության վերաբերյալ:
«Հրամանատարներն իրենց տեսակետն են ներկայացրել հունիսի 24-ի դեպքերի մասին և ընդգծել են, որ պետության ու գերագույն գլխավոր հրամանատարի հավատարիմ աջակիցներ են և հայրենիքի զինվորներ, հավաստիացրել են, որ պատրաստ են հետագայում էլ կռվել հայրենիքի համար»,- ասել է Պեսկովն ու եզրափակել. - «Սա է, որ կարող ենք հայտնել այդ հանդիպման մասին»: