Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հաջորդ շաբաթ Վաշինգտոնում


Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը վերահաստատեց Երևանի դիրքորոշումը՝ բոլոր ջանքերը պետք է գործադրել՝ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայամանգիր կնքելու համար՝ շեշտելով՝ հայկական պատվիրակությունը Միացյալ Նահանգներ է մեկնում հենց այս տրամադրվածությամբ։

Փաշինյանը նաև վերահաստատեց՝ Հայաստանի՝ սահմանագծման հանձնաժողովի նիստ անցկացնելու առաջարկի շուրջ սկզբունքային պայմանավորվածություն կա։

Երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ընդունել է սահմանազատման հարցերով աշխատանքային խմբի հանդիպում անցկացնելու Երևանի հրավերը։ Հանդիպման կոնկրետ վայրն ու օրը, սակայն, դեռ հստակեցված չեն։ Գրիգորյանն ասաց, որ կողմերի միջև կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթագծի վերաշահագործումից։

Այսօր վարչապետ Փաշինյանն ասաց՝ Հայաստանը պատրաստ է նաև օր առաջ տարածաշրջանի տրասնպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը՝ կողմերի ինքիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում պետք է հանդիպեին հունիսի 12-ին, սակայն հանդիպումից 4 օր առաջ ադրբեջանական կողմի խնդրանքով այն հետաձգվեց։

Հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցում նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարեց, որ ամենամոտ ժամանակներս ԱՄՆ-ում նախատեսվում է խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների նոր փուլը:

«Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների նոր փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի խաղաղ ապագային: Մենք համարում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և խաղաղության հասնելու բանալին է», - ասել է Պատելը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG