Ամենամոտ ժամանակներս ԱՄՆ-ում նախատեսվում է խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների նոր փուլը:
«Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների նոր փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի խաղաղ ապագային: Մենք համարում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և խաղաղության հասնելու բանալին է», - հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական խնդրին Մոսկվայի մասնակցությանը, Պատելն ասել է. - «Եթե Ռուսաստանը ենթադրում է, որ կարող է կառուցողական դեր կատարել, ապա, իհարկե, կարող է դրանով զբաղվել: Մենք համարում ենք, որ բանակցությունների գործընթացը շարունակվում է, և Միացյալ Նահանգները կարևոր գործընկեր է դրանում, պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է ներգրավվել»:
Պատելի խոսքերով, հայ-ադրբեջանական վաշինգտոնյան նոր հանդիպումները «տեղի կունենան շատ շուտով»:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում պետք է հանդիպեին հունիսի 12-ին, սակայն հանդիպումից 4 օր առաջ ադրբեջանական կողմի խնդրանքով այն հետաձգվեց։