Մատչելիության հղումներ

Վարչապետը հաստատում է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն առաջիկայում կհանդիպեն Վաշինգտոնում


Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում Վաշինգտոնում, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արտգործնախարարները պետք է հանդիպեին հունիսի 12-ին Վաշինգտոնում, սակայն, հանդիպումից 4 օր առաջ, ադրբեջանական կողմի խնդրանքով, այն հետաձգվեց։

Թե ստույգ երբ կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը, Փաշինյանն այսօր օր չնշեց՝ միայն հույս հայտնեց, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված առաջընթացը կզարգանա։

Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան վերջին բանակցությունները մայիսի սկզբին էին։ Այդ բանակցություններից հետո ակտիվացան հայ-ադրբեջանական հանդիպումները։

Փաշինյանն այսօր անընդունելի և անհասկանալի համարեց սահմանի երկայնքով, տարբեր հատվածներում, լարվածություն ստեղծելու Ադրբեջանի փորձերն այն բանից հետո, երբ կողմերը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։

Հայաստանի գործադիրի ղեկավարն ընդգծեց՝ անհրաժեշտ է հաջորդ քայլը կատարել՝ ֆիքսել սահմանազատման հիմքը և ձեռնմուխ լինել բուն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։

«Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է»

Փաշինյանը վերահաստատեց՝ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա՝ ընդգծելով՝ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։

«Այս իմաստով անկնալում եմ, որ միջազգային գործընկերները Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն», - ասաց Փաշինյանը՝ եզրափակելով․ - «Որքան էլ դժվար է, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական, այս հարցում մենք պետք է լինենք հետևողական»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG