Մատչելիության հղումներ

Շահին Մուստաֆաևն ընդունել է Մհեր Գրիգորյանի հանդիպման հրավերը


Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ընդունել է Հայաստանի իր պաշտոնակցի հանդիպման հրավերը։

Հանդիպման կոնկրետ վայրն ու օրը, սակայն, դեռ հստակեցված չեն, այսօր Ազգային ժողովում լրագրողներին փոխանցեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ենթադրում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք», - ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է սահմանազատման հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը։

Հայաստանի փոխվարչապետը որոշ չակերտներ բացեց՝ նշելով, որ կողմերի միջև կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթագծի վերաշահագործումից։

Կարևորելով այս փաստը՝ Գրիգորյանը շեշտեց՝ կոնկրետ է և շատ հասկանալի, թե ինչի շուրջ է խոսակցությունը, իսկ խոսակցությունը երկաթգծի մասին է։

«Ես կարծում եմ, որ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն իրավազորության և ինքնիշխանության ներքո այն երկրների, որոնց տարածքով երկաթգիծն անցնելու է։ Դա էլ է շատ կարևոր և շատ ֆունդամենտալ համաձայնություն։ Մնացած հարցերի շուրջ դետալներ չեմ բացի, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա», - ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, այդ ընկալումը կիսում են առնվազն եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները՝ վկայակոչելով տեղի ունեցող քննարկումներն ու հանդիպումները։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ուղղակի այլ ձևաչափով այդ հարցը չենք քննարկելու», - ասաց Հայաստանի փոխվարչապետը։

Անցած շաբաթավերջին Գրիգորյանի գրասենյակը հաղորդեց, որ Հայաստանի փոխվարչապետն ադրբեջանցի իր պաշտոնակից Շահին Մուստաֆաևին առաջարկ է ուղարկել՝ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։ Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:

Փոխվարչապետերի եռակողմ վերջին հանդիումից հետո, որը տեղի ունեցավ Մոսկվայում հունիսի 2-ին և թվով արդեն 12-րդ հանդիպումն էր, պաշտոնական Երևանը հայտարարեց, թե ապաշրջափական դեպքում Հայաստանի տարածքում սահմանային ծառայությունը պետք է իրականացնի Հայաստանը: Մինչդեռ Բաքուն պնդում է, որ Հայաստանի տարածքում ռուս սահմանապահներն են հսկելու ճանապարհը:

Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մատնանշեց գլխավոր տարաձայնությունը՝ շեշտելով՝ ճանապարահների ապաշրջափակման գլխավոր խնդիրն է, թե ով է ապահովելու այդ երթուղիներից օգտվող մարդկանց անվտանգությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG