Մատչելիության հղումներ

Բաքուն կոչ է անում Հայաստանին ոչ թե խոսքով, այլ գործով հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը


Բաքուն կոչ է անում Հայաստանին ոչ թե խոսքով, այլ գործով հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը»։

Հայաստանի արտգործնախարարության երեկվա հայտարարությունը որակելով անհիմն և կողմնակալ, պաշտոնական Բաքուն շեշտում է, թե «միջամտությունը Ղարաբաղի հայ բնակիչների հետ երկխոսելու Ադրբեջանի ջանքերին միջամտություն է Ադրբեջանի ներքին գործերին և հակասում է Երևանի պաթոսային հայտարարություններին, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը». - «Տարածաշրջանում խաղաղության և կայունության ձգտումները չափվում են կոնկրետ քայլերով, և ոչ թե կեղծ կոչերով և խոստումներով։ Այսպիսով, լավ կլիներ, որ հայկական կողմը կեղծ հայտարարություններ անելու փոխարեն, ոչ թե բառերով, այլ գործով հարգեր մեր երկրի տարածքային ամոբղաջականությունն ուն ինքնիշխանությունը , այդ թվում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը»։

Հայաստանի ԱԳՆ-ն երեկ արձագանքելով Իլհամ Ալիևի մայիսի 28 -ին Լաչինում արած սպառնալից հայտարարություններին՝ ընդգծել էր, որ Բաքուն Հայաստանին կրկին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ էթնիկ զտումներով։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ձևակերպմամբ, Իլհամ Ալիևը նաև կասկածի տակ է դնում Հայաստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

Ադրբեջանի նախագահը մայիսի 28-ին Լաչինում մի շարք սպառնալիքներ հնեչեցրեց Հայաստան և Արցախի հասցեին՝ պնդելով, թե խաղաղության պայմանագիրը, ներառյալ սահմանազատումը պետք է իրականացվի իրենց պայմաներով, Հայաստանը պետք է Ադրբեջանին ճանապարհ տա Նախիջևանով և հանի զորքերը Արցախից։ Ալիևը շեշտել էր, թե Հայաստանը «չպետք է մոռանա, որ Լաչինից երևում են հայաստանի գյուղերը», իսկ արցախցիներին զգուշացրել էր, որ կարող են ցանկացած օպերացիա իրականացնել Արցախում, հետևաբար տեղի հայերը «պետք է լուծարեն իրենց պետական մարմիններն ու դառնան Ադրբեջանի քաղաքացիներ»։

Ի պատասխան Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը երեկ արձանագրեց. - «Ցավոք սրտի, ինչպես երևում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, այդ պետությունը խնդիրների լուծումը տեսնում է ոչ թե Ալմա Աթայի հռչակագրով նախանշված սահմաններով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման, այլ սպառնալիքի և ռազմական ուժի գործադրման ճանապարհով»։

Փաշինյանը բազմիցս է հայտարարել, թե Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նա դա կրկնեց նաև երեկ խորհրդարանում՝ միևնույն ժամանակ հարցնելով, թե արդյո՞ք Ալիևի Լաչինում արած հայտարարությունը ցույց են տալիս, որ Բաքուն հրաժարավում է բրյուսելյան պայմանավորվածություններից. - «Պարոն Միրոզոյան, մենք իսկապես մեր գործընկերներից պետք է այս հարցի պատասխանը ստանանք։ Որովհետև եթե էդ նշանակում է հրաժարում... Տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան»։

Ալիևը երբեք հրապարակավ չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը. վերլուծաբան

Տիգրան Գրիգորյան
Տիգրան Գրիգորյան

Հրաժարվե՞լ է արդյոք Բաքուն բրյուսելյան պայմանավորվածությունից և պատրաստ չէ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Վերլուծաբան Տիգրան Գրիգորյան ասում է, որ Ալիևը երբեք էլ հրապարակավ չի հայտաարել, որ ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը. - «Հայկական կողմը փորձում է ներկայացնել մի իրավիճակ, որ իբր Ալիևը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հենց 29 հազար 800 քառակուսի կիլոմետր սահմաններում։ Երևի նկատել եք, Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում անընդհատ խոսում է այդ թվերի մասին, անընդհատ խոսում է Ադբրեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին կոնկրետ թվերով, բայց Ադբրեջանի նախագահի կողմից նմանատիպ հայտարարություններ մենք չենք լսել»։

Վերլուծաբանը մտահոգիչ է համարում Ալիևի այն հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատումը պետք է իրականացվի Ադրբեջանի պայմաններով, իսկ դա նշանակում է, որ Բաքուն ցանկանում է սահմանազատում իրականցնել իր ներկայացրած պատմական քարտեզներով՝ չընդունելով 1975 թվականի քարտեզը. - «Ադրբեջանը կարծես թե մերժում է միջնորդների, ինչպես նաև Հայաստանի առաջարկները իրականացնել այդ գործընթացը 75 թվականի քարտեզների հիման վրա, կամ էլ 91 թվականի դրությամբ առկա խորհրդային ադմինիստրատիվ սահմանների հիման վրա»։

Այսպիսով, ըստ Տիգրան Գրիգորյանի, Նիկոլ Փաշինյանը հայտարարելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջակնւթյունը, որի մեջ մտնում է նաև Արցախը, իրականում ոչինչ չստացավ, ընդամենը լեգիտիմացրեց Բաքվին որոշ գործողությունները Ղարաբաղում։

Ալիևը ոչ միայն չի ճաաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլև չի ընդունում Ստեփանակերտի հետ երկխոսության մեխանիզմի ստեղծման գաղափարը։ Գրիգորյանի խոսքով, դա է պատճառը, որ Ալիևը Լաչինում պահանջեց լուծարել Արցախի պետական մարմինները. - «Իսկ եթե Արցախում չկա ներկայացուցչական մարմին, ապա ում հետ պետք է բանակցի Բաքում»։

Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից. Շառլ Միշել

Շառլ Միշել
Շառլ Միշել

Չնայած Երևանից ու Բաքվից հնչող սուր հակադարձումներին ու տարաձայություններին, վարչապետ Փաշինյանն այս հինգշաբթի մեկնելու է Քիշնև, որտեղ Եվրոպական խորհրդի նախագահի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների մասնակցությամբ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից առաջ Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ «հիմա վճռական նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը՝ նրանց իրավունքների և անվտանգության շուրջ»:

«Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության», - առանց անուններ տալու Թվիթերում գրել է Շառլ Միշելը՝ նկատելով, որ «համարձակ որոշումներ են անհրաժեշտ»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG