Մատչելիության հղումներ

Օվերչուկը մատնանշել է գլխավոր տարաձայնությունը


Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով անկացված հանդիպման արդյունքում ձևավորվել է համապարփակ փաստաթուղթ, որը փաստում է՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղիով, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Կողմերից ոչ մեկը չի կասկածում, որ այս ճանապարհի առանձին հատվածներ կհայտնվեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում գտնվում են։ Այսպիսով, այս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։ Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի», - ասել է Օվերչուկը՝ շարունակելով․ - «Մեր դեպքում բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, և խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց համար խաղաղ փոխգործակցության հնարավորություն բացելն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը, որով մարդիկ և ապրանքները կտեղաշարժվեն»։

Ռուսաստանի փոխվարչապետը միևնույն ժամանկ շեշտել է՝ ճանապարահների ապաշրջափակման գլխավոր խնդիրն է, թե ով է ապահովելու այդ երթուղիներից օգտվող մարդկանց անվտանգությունը։

«Փաստաթղթի նախագիծը կազմվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է մեր մակարդակով, թեև դեռ պետք է աշխատել հիմնական հարցի վրա՝ ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս», - ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Փոխվարչապետերի եռակողմ վերջին հանդիումից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, թե ապաշրջափական դեպքում Հայաստանի տարածքում սահմանային ծառայությունը պետք է իրականացնի Հայաստանը: Մինչդեռ Բաքուն պնդում է, որ Հայաստանի տարածքում ռուս սահմանապահներն են հսկելու ճանապարհը:

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ադրբեջանցի իր պաշտոնակից Շահին Մուստաֆաևին հանդիպման առաջարկ է ուղարկել։ Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն: Սակայն պարզ չէ, թե Գրիգորյանը որտեղ և ինչ ձևաչափով է առաջարկել հանդիպում անցկացնել։

Գրիգորյանն ու Մուստաֆաևը տարածաշրջանի հաղորդակցության ուղիները ապաշրջափակելու նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն են, իսկ ռուսական կողմից համանախագահը Ալեքսեյ Օվերչուկն է։

Աշխատանքային խմբի վերջին հանդիպումը այս տարվա հունիսի 2-ին էր՝ Մոսկվայում։ Երևանն ու Մոսկվան կառուցողական որակեցին այն՝ նշելով՝ «ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու վերականգման հարցում»։

Թե ե՞րբ է նախատեսվում աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով, ըստ Օվերչուկի, հայտնի չէ։

«Մենք աշխատում ենք գրեթե երկուսուկես տարի, բայց չենք մշակել հանդիպումների հստակ ժամանակացույց», - ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Հարցին, թե արդյունքներն ամփոփելու ժողովը ե՞րբ է լինելու, Օվերչուկը պատասխանել է․ - «Այստեղ դեռ անելիքներ կան»։

Օվերչուկի խոսքով՝ գործընթացի վրա ազդում է այն, ինչ հիմա կատարվում է սահմանին, «շատ ավելի հեշտ կլիներ լուծումներ գտնել, եթե կրակոցները դադարեցվեին»։

«Ուստի կողմերը դադարներ են անում, ներգրավում են փորձագետներ, ցանկացած առաջարկ և որոշում ենթարկում են շատ մանրակրկիտ և ստուգված վերլուծության, որպեսզի ամեն ինչ իսկապես աշխատի այնպես, ինչպես պետք է լինի այն երկրների միջև, որոնք, հուսանք, թևակոխում են հարաբերությունների նոր՝ խաղաղ փուլ», ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

XS
SM
MD
LG