Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակումից հետո, ո՞վ է, ի վերջո, վերահսկելու Սյունիքով անցնող ճանապարհը, որը պետք է կապի Ադրբեջանի արևմտյան շրջանները՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։ Այս հարցի շուրջ Հայաստանից և Ադրբեջանից հնչող իրարամերժ հայտարարություններն ավելի են խորացնում անորոշությունը։
Ադրբեջանի պնդմամբ՝ ճանապարհի վերահսկողությունն իրականացնելու են ռուսները
Նախօրեին Ադրբեջանի փոխվարչապետ, հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը հայտարարեց, թե Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժի հանդեպ վերահսկողությունը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան, իրականացնելու են Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները։
Ադրբեջանի փոխվարչապետի այս հայտարարությանը հակադարձեց Հայաստանի փոխվարչապետը. -«Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության և իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով»։
Մհեր Գրիգորյանի գրասենյակից այդպես էլ չէին հստակեցրել՝ ռուսները, թե հայ սահմանապահներն են վերահսկելու ճանապարհը։
Հայաստանով անցնող ճանապարհը վերահսկելու է միայն հայկական կողմը. ԱԽ քարտուղար
Նկատենք, որ 2020 -ի նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության 9 -րդ կետում նշվում է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումից հետո Հայաստանը պետք է ապահովի դեպի Նախիջևան տրանսպորտային հաղորդակցությունը, որի վերահսկողությունն իրականցնում են Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները: Չնայած նոյեմբերի 9-ի այս հայտարարությանը՝ հունիսի 4 -ին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի հետ զրույցում պնդել էր՝ Հայաստանով անցնող ճանապարհը վերահսկելու է միայն հայկական կողմը։
«Ապաշրջափակման մասով մի կարևոր բան էլ կա, որը կարծում եմ՝ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ ամբողջովին վերահսկողությունը սահմանների, այսինքն, սահմանային ծառայությունների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ: Այսինքն՝ ապաշրջափակումը Հայաստանի Հանրապետության կոնտեքստում՝ սահմանային ամբողջ ծառայությունների, իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ծառայությունների կողմից», - նշել է ԱԽ քարտուղարը:
Արմեն Գրիգորյանի այս հայտարարությունից հետո, հունիսի 9 -ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, «Սպուտնիկ»-ի հետ զրույցում ասել էր, թե ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում։ Ճշտող հարցին, թե արդյոք քննարկվել է վերահսկողության, անվտանգության ապահովման նպատակով Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության (ФСБ) աշխատակիցների հնարավոր մասնակցության հարցը, Օվերչուկը պատասխանել էր, որ դա կախված է Հայաստանի Հանրապետությունից:
Արդյո՞ք Հայաստանը հրաժարվում է նոյեմբերի 9-ի հայտարարության ձևակերպումից և սկզբունքային որոշում է կայացվել, որ ռուսների փոխարեն վերահսկողություն պետք է իրականացնեն հայ սահմանապահները։ Պաշտոնական Երևանը պարզաբանում դեռ չի տվել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից խոստացան այս հարցին պատասխանել, սակայն ողջ օրվա ընթացքում այդպես էլ պատասխան չստացանք։ Անվտանգության խորհրդից քարտուղար Արմեն Գրիգորյանի գրասենյակից նույնպես որևէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։
Ռուսաստանի համար գլխավոր խնդիրը Ադրբեջան- Թուրքիա հաղորդակցության վերահսկողությունն է. վերլուծաբան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ հետևություններ անելու համար պետք է տիրապետել ընթացող քննարկումների բոլոր դետալներին, սակայն նույնիսկ եթե Սյունիքով Ադրբեջան գնացող ճանապարհին կանգնեն հայ սահմանապահները, դա որևէ կերպ չի խոչընդոտում, որ ռուսները շարունակեն վերահսկել հաղորդակցության ուղիները, այսօրվա տեխնոլոգիաները դա թույլ են տալիս։
«Երբ մենք կարդում ենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այնտեղ բավականին մեծ տեղ կա հենց այդ դետալային քննարկումների համար, որովհետև նշվում է, որ տրանսպորտային հաղորդակցությունը վերահսկելու են ռուս սահմանապահները: Ինչպե՞ս է դա տեղի ունենալու, ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ կետերում է դա տեղի ունենալու, այդտեղ ոչինչ գրված չէ. հնարավոր է` կանգնեն հայ սահմանապահները, որոնք հսկեն սահմանի անցումը, անցակետերի հատումը, իսկ հաղորդակցությունը որևէ այլ մեխանիզմով վերահսկեն նաև ռուս սահմանապահներ», - ասաց Բադալյանը:
Քաղաքական մեկնաբանի համոզմամբ՝ Ռուսաստանի համար գլխավոր խնդիրը Հայաստանի սահմանին կանգնելը չէ, այլ որ վերահսկի Ադրբեջան- Թուրքիա, ապա նաև դեպի Կենտրոնական Ասիա հաղորդակցությունը։