Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հետաձգումը 100 տոկոսով պայմանավորված էր ժամանակացույցի հետ կապված խնդիրներով: Այս մասին երեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ վստահեցնելով, թե հետաձգումն ամենևին չի արտացոլում «բանակցությունների վիճակը և տարաձայնությունները»:
«Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ ընդունելուն, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Ինչպես նախկինում ասել ենք, մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է մնացած խնդիրների լուծման համար։ Կարծում ենք՝ համաձայնությունը հասանելի է», - ընդգծել է Միլլերը:
«Ակնկալում ենք, որ նոր ժամկետ կնշանակենք հանդիպման համար՝ հնարավորինս շուտ», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Ի պատասխան հարցի՝ սպասվո՞ւմ է արդյոք նախարարների այցը Վաշինգտոն մինչև այս ամսվա վերջ, Միլլերը հրաժարվել է կոնկրետ ժամկետ նշել:
Հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում պետք է տեղի ունենար հունիսի 12-ին, սակայն ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունից հայտնեցին, որ դրանք հետաձգվել են Բաքվի խնդրանքով: