Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական մեկօրյա այցով ժամանել է Ադրբեջան: Բաքվի օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետը: Ղարիբաշվիլիի առաջին հանդիպումն երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ էր: Վրաստանի վարչապետն ասել է, թե համավարակի պատճառով ստիպված էր հետաձգել ավելի վաղ նախատեսված այցը Բաքու:
Նա Իլհամ Ալիևին հրավիրել է այցելել Թբիլիսի նրան հարմար ցանկացած ժամանակ, նաև նշել է, որ Վրաստանը պատրաստվում է շարունակել համատեղ ծրագրերն Ադրբեջանի հետ, որոնք էլ ավելի կամրապնդեն երկկողմ հարաբերությունները:
Ադրբեջանի նախագահն ասել է, թե երկու երկրները համատեղ էներգետիկ և տրանսպորտային ծրագրեր իրականացնելու լավ պատմություն ունեն: «Նրանք փոխել են տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ քարտեզը: Առանց մեր երկու երկրների միջև ուժեղ գործընկերության այդ ծրագրերի իրականացումը հնարավոր չէր լինի», - ասել է Ալիևը և Վրաստանի կառավարությանը շնորհակալություն հայտնել «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրականացմանն աջակցելու համար: «Այդ նախագիծը կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ողջ եվրասիական տարածաշրջանի ընդհանուր զարգացման, կայունացման և համագործակցության համար», - հավելել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ խոշոր ներդրողներից մեկը Վրաստանի տնտեսությունում, ադրբեջանական ավելի շատ ընկերություններ են ցանկանում աշխատել Վրաստանում, և համոզմունք հայտնել, որ դա տեղի կունենա:
Վրաստանի պատվիրակության կազմում է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Նա Թվիթերում գրել է, թե հնարավորություն է ունեցել հանդիպել ադրբեջանցի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ և քննարկել մի շարք կարևոր հարցեր, ինչպիսիք են տարածաշրջանի անվտանգությունը, վրաց-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը և հետագա համագործակցության հեռանկարները:
«Թուրան» գործակալությունը նշում է, որ Վրաստանը և Ադրբեջանը առևտրատնտեսական սերտ կապեր ունեն. Ադրբեջանը կարևոր ներդրողներից մեկն է Վրաստանում և բնական գազի մատակարարողը: Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով` 2020-ին այստեղից Վրաստան է արտահանվել ավելի քան 460 միլիոն դոլարի ապրանք:
Վրաց-ադրբեջանական հարաբերություններում ամենակնճռոտ հարցը Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքի սահմանագծումն է: Երկու երկրների սահմանին ընկած վանական այս համալիրի տարածքի մի մասը, նաև աղոթատեղիներ գտնվում են Ադրբեջանի տարածքում: Վերջերս Վրաստանում քննարկման առարկա էր դարձել, թե որ թվականի քարտեզով է որոշվել պետական սահմանը: Պնդումներ կան, որ հին քարտեզով վանական համալիրն ամբողջությամբ գտնվում է Վրաստանի տարածքում: Այս վարկածի կողմնակիցները պնդում են, թե նախկին նախագահ Սաակաշվիլիի օրոք վրացական կողմն անհարկի զիջումների է գնացել Ադրբեջանին: Սահմանազատման հանձնաժողովի երկու անդամ անցյալ տարի ձերբակալվել էր, բայց 5 ամիս անց գրավի դիմաց ազատ արձակվել:
Վրաստանի վարչապետի այսօրվա հանդիպումներցի դեռ որևէ լուր չկա, թե արդյոք քննարկվել է Դավիթ Գարեջիի խնդիրը, բայց Ադրբեջանում Վրաստանի դեսպանը լրագրողներին ասել է, թե մոտակա ժամանակներում կկայանա երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովի նիստը: Նա նշել է, որ համատեղ հանձնաժողովի վերջին նիստը տեղի է ունեցել երկու տարի առաջ Բաքվում, և չնայած հաջորդ նիստը պլանավորվել էր անցկացնել Թբիլիսիում, համավարակի պատճառով այն տեղի չի ունեցել: «Համոզված եմ, որ առաջիկա նիստում կողմերը կլուծեն այդ հարցը բարեկամական հարաբերություններին և ռազմավարական գործընկերությանը համապատասխան», - ասել է դեսպանը: