Մատչելիության հղումներ

Ուկրաինական հակահարձակման երրորդ շաբաթն է


Սկսվել է ուկրաինական հակահարձակման երրորդ շաբաթը։

Նախօրեին ամերիկյան Wall Street Journal թերթը գրել էր, թե Ուկրաինան դեռևս դժվարություններ ունի ռազմի դաշտում և նույնիսկ կորցրել է արևմտյան որոշ զինատեսակներ։

Ըստ հրապարակման՝ ուկրաինական հակահարձակմանը խոչընդոտում է ռուսական հզոր ավիացիան, հրետանին և բազմաթիվ ականապատ, ամրացված տարածքներ, որոնք ռուսները նախապես պատրաստել էին ուկրաինական հակահարձկմանը սպասելիս։

Սակայն, ուկրաինացի պաշտոնյաները մնում են լավատես, չնայած այն հանգամանքին, որ մինչ այժմ նրանց գործողություններն ուղղակի վտանգ չեն ներկայացնում Զապորոժիեի և Դոնեցկի շրջաններում վերջին մի քանի ամիսների ընթացքում կառուցված ռուսական հիմնական պաշտպանական գծերի համար, գրում է թերթը։

Ամեն դեպքում, կիրակի օրը հայտնի դարձավ, որ ուկրաինացիներին հաջողվել է մեկ բնակավայր ազատագրել Զապորոժիեի մարզում։

Զապորոժիեի շրջանի օկուպացիոն իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ռուս ռազմական թղթակիցները նշում են, որ Ուկրաինայի զինված ուժերը գրավել են Պյատիխատկի գյուղը։ Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր վերջին զեկույցում պնդել է, թե գյուղի վրա հարձակումը հետ է մղվել։

Կիրակի օրը Ռուսաստանի կողմից նշանակված Զապորոժիեի շրջանային պետական վարչության խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերը «օպերատիվ հսկողության տակ են վերցրել» Զապորոժիեի հարավում գտնվող Պյատիկխատկի գյուղը։ Սա Ուկրաինայի առաջին հաղթանակն է ռազմաճակատի այս հատվածում հակահարձակման սկզբից ի վեր։

Ռուսական աղբյուրները միաժամանակ հայտնել են, որ տարածքում շարունակվում են ծանր մարտերը։

Ուկրաինայի գլխավոր շտաբը դեռևս ոչինչ չի հայտնել տարածքում տիրող իրավիճակի մասին։

Ինչպես նշում է բրիտանական Guardian թերթի ռազմական դիտորդ Դեն Սաբբան, եթե այս տեղեկությունը հաստատվի, Պյատիխատկին կդառնա ուկրաինական զորքերի կողմից ազատագրված առաջին գյուղը գրեթե մեկ շաբաթվա ընթացքում։

Սա, նրա կարծիքով, ուկրաինական հակահարձակման ակնհայտ ուժեղացման էական նշան է գրեթե դեպի Ղրիմ ուղիղ ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, դիտորդը նշում է՝ սա նաև այն հատվածն է, որտեղ ռուսական պաշտպանական դիրքերն ամենաուժեղն են թվում։

Ռուսաստանը պնդում է, որ մեծ կորուստներ է պատճառում ուկրաինական զորքերին, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ ասել էր, թե Ուկրաինան հակահարձակման ժամանակ հաջողության հասնելու հնարավորություն չունի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG