Ուկրաինական կողմը շատ զգույշ է բանակի առաջխաղացման մասին հայտարարությունների մեջ։ Ընդ որում, առաջխաղացումն էլ հայտարարված հակահարձակում չի անվանում։ Այդուամենայնիվ, Ուկրաինայի զինված ուժերն այսօր հայտնել են, որ 250-ից 700 մետր առաջ են շարժվել Բախմուտի ուղղությամբ, իսկ ուկրաինացի զինվորականները՝ պնդել Զապորոժիեի և Դոնեցկի մարզերի սահմանին գտնվող այսպես կոչված՝ «Վրեմիվսկի վըստուպ» տարածքում ևս երկու բնակավայրերի ազատագրման մասին։
Այսպիսով, ընդհանուր առմամբ ուկրաինացիներն արդեն առնվազն հինգ գյուղ են ազատագրել մի քանի օրվա ընթացքում, այդ թվում՝ Բլագոդատնոյե, Մակարովկա և Ստորոժևոյե բնակավայրերը։ 2022-ի մարտից ռուսների վերահսկողության տակ գնտվող Ստորոժևոյե գյուղի գրավման մասին այսօր առավոտյան հայտնել է 35-րդ ծովային բրիգադը. - «Գործողությունը սկսվել է առավոտյան ժամը 5-ի սահմաններում։ Մենք իջել ենք մեր զրահատեխնիկայից և սկսել գրոհը։ Սկզբում հակառակորդը դիմադրում էր և փորձում էր մեզ հետ շպրտել իր հրետանիով, բայց մեզ հաջողվեց նախաձեռնությունը վերցնել մեր ձեռքը և կամաց-կամաց տնետուն սկսեցինք ազատագրել գյուղը»։
Ուկրաինացի զինվորականները պնդում են, թե միայն մի գյուղում ռուսները 58 զինվորական են կորցրել, ևս 4-ը գերի են ընկել։ Պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարն էլ Տելեգրամ ալիքում գրել է․ «Ստորոժևոյի գյուղում կրկին ծածանվում է ազգային դրոշը, և այդպես կլինի յուրաքանչյուր բնակավայրի դեպքում, քանի դեռ մենք չենք ազատագրել ամբողջ ուկրաինական հողը»։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը իր ամենօրյա զեկույցում նշել է ևս մեկ ազատագրված՝ Նեսկոչնոյե գյուղի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այդ բնակավայրերից նահանջի մասին պնդումները չի մեկնաբանում։ Ռուսական Տելեգրամ ալիքները շաբաթ օրը գրել էին, թե իբր ուկրաինական ստորաբաժանումները գրեթե առանց կռվի գրավել են Նեսկուչնոյե և Բլագոդատնոյե գյուղերը, իսկ ռուս զինծառայողները նահանջել են «ավելի շահեկան դիրքեր շրջապատման սպառնալիքի պատճառով»: Տելեգրամ ալիքները նաև հայտնում են Դոնեցկի և Զապարոժիեի արևմտյան շրջաններում թեժ մարտերի մասին։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները նույնպես արձանագրում են՝ հանգստյան օրերին ուկրաինական զորքերը հարձակողական գործողություններ են իրականացրել ռազմաճակատի առնվազն երեք հատվածներում և հասել հաջողության, սակայն ռուսական պաշտպանական գիծը ճեղքելու մասին խոսելը դեռ վաղ է։
The Economist -ն այսօր գրել է, թե Զապարոժիեի մարզում հակահարձակման ժամանակ անցած շաբաթ ուկրաինական կողմը բավականինն մեծ կորուստներ է ունեցել՝ տասնյակ զինվորականներ և տեխնիկա, այդ թվում՝ արևմտյան արտադրության։ Ռազմական վերլուծաբանները արձանագրում են, որ ի տարբերություն աշնանային հակահարձակման՝ այսօր ռուսական կողմը ավելի պատրաստված է։ Ուկրաինական առաջխաղացումը արձանագրում են բոլոր դիտորդները, սակայն շատերը շեշտում են՝ այն սպասվածից համեստ է։
Սրան զուգահեռ շարունակվում է «պատերազմը» Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Եվգենի Պրիգոժինի ղեկավարած «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության միջև։ Պրիգոժինը, մասնավորապես, հայտարարել է, թե «Վագները» պայմանագիր չի կնքի Ռուսաստանի ռազմական գերատեսչության հետ։ Հունիսի 10-ին երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայեց ռուսական բոլոր կամավորական կազմավորումներին մինչև հուլիսի 1-ը պայմանագրեր կնքել ՊՆ-ի հետ՝ համակողմանի աջակցություն կազմակերպելու համար։ Ի պատասխան՝ Պրիգոժինն ասել է, որ Շոյգուի հրամանագրերը վերաբերում են Պաշտպանության նախարարության աշխատակիցներին և զինվորականներին, և որ Շոյգուն չի կարող նորմալ կառավարել ռազմական կազմավորումները։
«Ուստի, ավելի լավ է մեռնել հանուն հայրենիքի, քան գոյությունը քարշ տալ բյուրոկրատական շղթայի մեջ», - ասել է նա։
Ուկրաինական կողմը շարունակում է տարհանել Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով հեղեղված բնակավայրերի բնակիչներին։ Խերսոնի մարզի վարչակազմը հայտնել է, թե ռուսները կրակ են բացել նավով տարհանվող մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել»։ Ռուսական կողմը հրետակոծության մասին տեղեկությունը չի մեկնաբանել։