Այսօր վաղ առավոտյան ռուսական կողմը հրթիռակոծել է Կրիվոյ Ռոգ քաղաքը։ Հրթիռներից մեկը խոցել է հինգհարկանի բնակելի շենք, ինչի հետևանքով, վերջին տվյալներով,11-մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել։
Կրիվոյ Ռոգի վրա հրթիռակոծության հետևանքով վնասվել են նաև քաղաքացիական օբյեկտներ։ Դնեպրոպետրովսկի մարզում առանց լույսի է մնացել ավելի քան ինը հազար մարդ։
Ուկրաինական հակահարձակումը շարունակվում է
Ուկրաինայի զինված ուժերը այսօր հայտարարել են Բերդյանսկի, Տորեցկի և Բախմուտի ուղղություններում առաջընթացի մասին։ Բերդյանսկի ուղղությամբ ուկրաինական ուժերը առաջ են գնացել 500 մետրից մինչև 1 կիլոմետր։ Տորեցկի և Բախմուտի ուղղություններով առաջխաղացումը կազմել է օրական մինչև 250 մետր:
Վերլուծաբաննները նկատում են, որ հակահարձակման արդյունքում ուկրաինական բանակի առաջխաղացումը սպասվածից համեստ է, իսկ կորուստները՝ բավականին մեծ։
Ուկրաինայի նախագահի խոսքով, ռազմաճակատում ընթանում են ծանր մարտեր. - «Մարտերը ծանր են, բայց մենք առաջ ենք գնում, և դա շատ կարևոր է։ Հակառակորդի կորուստները հենց այն են, ինչ մեզ պետք է։ Ու թեև այս օրերին եղանակն անբարենպաստ է, անձրևները դժվարացնում են մեր գործը, այնուամենայնիվ մեր զինվորները կարողանում են արդյունավետ գործել»։
«Ուկրաինականհաջողությունները վերաբերում են փոքր գյուղերին, և մինչ այժմ ռուսական օկուպանտների ուժեղ պաշտպանական գծում լուրջ բեկման նշաններ չեն նկատվել», - այսօր գրել է New York Times-ը։
Արևմուտյան պաշտոնյաները ուկրաինական առաջխաղացումը դեռ չեն մեկնաբանում
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին երեկ հրաժարվել է մեկնաբանել ուկրաինական հակահարձակումը՝ շեշտելով, թե դա պետք է անի նախագահ Զելենսկին։
Սպասումները հակահարձակումից մեծ են։ Ավելի վաղ արևմտյան մամուլը բազմիցս գրել էր, թե Ուկրաինային օգնության շարունակությունը մեծապես կախված է լինելու ռազմի դաշտում արձանագրված հաջողություններից։
Ավելին, Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընգդծել է, թե ուկրաինական հաջողությունները ռազմի դաշտում հակահարձակման ժամանակ կմոտեցնեն խաղաղությունը. - «Հակահարձակման ժամանակ Ուկրաինայի հաջողությունը երկու բան կբերի. երկիրը կամրապնդի իր դիրքերը ցանկացած բանակցային սեղանի շուրջ, և դա կարող է նաև հանգեցնել նրան, Պուտինը վերջապես կենտրոնանա իր սկսած պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների վրա»:
Եվրոպացի առաջանրոդները նույնպես համարում են, որ ուկրաինական ուժերի հաջողությունները այս հակահարձակման ժամանակ վերջ կտան պատերազմին։
Ընդհանրապես, արդեն ժամանակն է, որ Ռուսաստանը պարտվի այս պատերազմում, այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլերը Ֆրանսիայի և Լեհաստանի առաջանորդների հետ հանդիպմանը. - «Եկել է Ռուսաստանի պարտության, նրա նախագահի կողմից իր սխալն ընդունելու, այնուհետև զորքերի դուրսբերման և արդար աշխարհի մասին լուրջ երկխոսության մեկնարկի ժամանակը»։
Փարիզում երեք առաջնորդների հանդիպման օրակարգում էին նաև եկող ամիս Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը։ Գագաթնաժողովից Ուկրաինան ակնկալում է անվտանգության երաշխիքներ և դաշինքին անդամակցելու ճանապարհային քարտեզ ստանալ։ Իսկ Բրյուսելը պարբերավար հայտարարում է, թե նախ պետք է հաղթել այս պատերազմում։
Այս նույն հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը (առաջինը արևմտյան առաջնորդներից) հայտարարեց, որ ուկրաինական հայտարարված վճռորոշ հակահարձակումը սկսվել է և այն ամիսներ կտևի։
Պատերազմը արդեն գրեթե մեկ ու կես տարի է տևում, և այս ողջ ընթացքում պարբերաբար միջազգային օրակարգ էր գալիս Եվրոպայի միջուկային անվտանգության հարցը։ Այսօր միջուկային զենքից կրկին խոսել է Բելառուսի ավտորիտար ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։
Մարտին հայտնի դարձավ, որ Մոսկվան մտադիր է Բելառուսի տարածքում տակտիկական միջուկային զենք տեղադրել, արդեն հայտնի է նաև ժամկետը՝ մինչև հուլիսի 1-ը պետք է ավարտվեն Բելառուսի տարածքում դրանց համար պահեստների կառուցման աշխատանքները, և ինչպես Ռուսաստանի նախագահն է հայտնել անցած շաբաթ, մինչև հուլիսի 1-ը Ռուսաստանը կտեղափոխի այդ զենքը։
Լուկաշենկոն այսօր շեշտել է, թե առայժմ խոսքը տակտիկական զենքի մասին է, սակայն Բելառուսը նաև ռազմավարական միջուկային զենքի համար է պահեստներ պատրաստում։ Ավելին, Լուկաշենկոն պնդել է․ - «Աստված մի արասցե, որ ես ստիպված լինեմ այդ զենքը կիրառելու մասին որոշել կայացնել։ Ոչ մի տատանում չի լինի, եթե լինի մեր դեմ ագրեսիա»։
Սա հակասում է Պուտինի այն հայտարարությանը, թե խոսքը միջուկային զենք Մինսկին փոխանցելու մասին չէ, և որ դրանց կիռարելու մասին որոշումը Մոսկվան է կայացնելու։ Լուկաշենկոն այսօր փաստորեն հակառակն է պնդել՝ հավելելով, թե միջուկային զենքը փաստացի վերադարձվում է Բելառուսին, որտեղ այն եղել է մինչև 1996 թվականը։