Մատչելիության հղումներ

Ռուսաստանը շարունակում է ուկրաինական բնակավայրերի ինտենսիվ ռմբակոծությունները


Ռուսները շարունակում են ակտիվ ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը։ Այս գիշեր Ռուսաստանի կողմից արձակված չորս հրթիռներից երեքը խոցել են Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող արդյունաբերական օբյեկտներ։ Կիևը հայտարարում է, թե ՀՕՊ-ը կարողացել է չեզոքացնել գիշերը ռուսների կողմից արձակած բոլոր քսան անօդաչուները և մեկ թևավոր հրթիռը։

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ գիշերը պայթյուններ են լսվել նաև Օդեսայի մարզում ու Խարկովում։ Իսկ Խերսոնի մարզում ռուսական ռմբակությունից տարեց կին է մահացել։

Չնայած չդադարող ռուսական ռմբակոծություններին, ուկրաինական բանակը շարունակում է անցած շաբաթ սկսած հակահարձակումը։ Պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի խոսքով, զորքերը դժվարությամբ, բայց առաջ են գնում. - «Հարձակում կա մի քանի ուղղություններով։ Բայց, միևնույն ժամանակ, հակառակորդը առաջ է շարժվում մի քանի ուղղություններով: Այսինքն՝ մենք հիմա և՛ հարձակման, և՛ պաշտպանության մեջ ենք: Միայն թե դա տեղի է ունենում տարբեր ուղղություններով: Շատ լուրջ առճակատում կա»։

Մալյարի խոսքով, Ռուսաստանը մեծացրել է հրետանային և ականանետային հարձակումները, ինչպես նաև օդային հարվածների հաճախականությունը։ Այն, ինչ հիմա կատարվում է առաջնագծում, նա անվանել է դաժան մենամարտ։

Ուկրաինական հակահարձակումը կարող է վճռորոշ լինել

Ուկրաինական այս հակահարձակումը կարող է վճռորոշ լինել, արդեն մի քանի ամիս է հայտարարում է Արևմուտքը։ Եթե Ուկրաինան հաջողի, ավելի ամուր դիրքեր կունենա Ռուսաստանի հետ բանակցություններում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռամշտայն ձևաչափով Կիևի դաշնակիցների հանդիպումից առաջ։

Յենս Ստոլտենբերգ
Յենս Ստոլտենբերգ

«Մենք Պուտինի կողմից պատրաստակամություն չենք տեսնում։ Չենք տեսնում, որ նա պատրաստ է բանակցությունների և խաղաղության։ Իհարկե, Ուկրաինան ավելի ամուր դիրքերում կլինի բանակցությունների սեղանի շուրջ, եթե ավելի հաջող հանդես գա հակահարձակման ժամանակ։ Եվ միգուցե ինչ-որ փուլում Պուտինը կհասկանա, որ չի կարող հաղթել մարտի դաշտում, և կորոշի, որ պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Ստոլտենբերգը։

Ընդ որում, Ստոլտենբերգը չգիտի, թե Մոսկվան և Կիևը երբ կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նրա խոսքով, այժմ ՆԱՏՕ-ի նպատակը Ուկրաինային տարածքների ազատագրման հարցում օգնելն է։ Ուստի նա կրկին կոչ է արել դաշնակիցներին շարունակել ռազմական աջակցությունը Ուկրաինային։

Չեխիայի նախագահ, բանակի պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը «Ազատությանը» տված հարցազրույցում շեշտել է, թե ուկրաինական հակահարձակման հիմնական փուլը դեռ չի սկսվել. - «Սա հակահարձակման միայն սկիզբն է։ Ես հավատում եմ, որ մենք դեռ իրական հակահարձակում չենք տեսել։ Դա կլինի ապագայում։ Այն, ինչ մենք հիմա ենք տեսնում, ես, որպես որոշակի ռազմական փորձ ունեցող մարդ, կանվանեի ձևավորող, նախապատրաստական գործողություններ»։

Լլոյդ Օսթին
Լլոյդ Օսթին

Թե ինչքան կշարունակվի և ինչ արդյունքներ կարձանագրի ուկրաինական այս հակահարձակումը, դժվար է ասել։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ակնարկում է, որ այն կարող է երկար տևել․ - «Ուկրաինայի մենամարտը մարաթոն է, այլ ոչ թե սպրինտ։ Ուստի մենք կշարունակենք Ուկրաինային տրամադրել այն հրատապ սպառազինությունը, որն անհրաժեշտ է այս պահին, ինչպես նաև այն, ինչ Կիևին անհրաժեշտ կլինի ռուսական ագրեսիայից երկարաժամկետ պաշտպանված լինելու համար: Եվ պետք չէ կասկածել, մենք երկար ժամանակ կկանգնենք Ուկրաինայի կողքին: Դուք կարող եք տեսնել այդ հանձնառությունը Ուկրաինայի անվտանգության ապահովմանը մեր շարունակական աջակցության մեջ»:

Օսթինը հիշեցրեց, որ անցած շաբաթ Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային հավելյալ, ավելի քան 2 միլիարդ դոլարի օգնությաւն մասին։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները սրա հետ մեկտեղ բազմիցս հայտարարել են, որ Ուկրաինան չի կարող դառնալ հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, քանի դեռ չի հաղթել պատերազմում։ Եվրոպացի պատգամավորները նույնպես կոչ են անում ՆԱՏՕ-ին ընդունել Ուկրաինային դաշինքի կազմ հնարավորինս շուտ, բայց պատերազմից հետո։

Այսօր Եվրախորհրդարանը Ուկրաինային աջակցող բանաձև է ընդունել, որը, ի թիվս այլ դրույթների, կոչ է անում ՆԱՏՕ-ին պատերազմի ավարտից հետո Ուկարինային դաշինքին անդամակցելու հրավեր ուղարկել և հնարավորինս արագ ավարտել գործընթացը։ Փաստաթուղթը ընդունվել է ձայների գերակշիռ մեծամասնությամբ, սակայն այն խորհրդատվական նշանակություն ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG