Մատչելիության հղումներ

The Washington Post. «Սպիտակ տանը գիտեին, որ Ուկրաինան կոչնչացնի Nord Stream-ը»


Գազի արտահոսքը Nord Stream անդրջրյա խողովակաշարի պայթեցումից հետո, արխիվ, Բալթյան ծով, 27 սեպտեմբերի, 2022թ.
Գազի արտահոսքը Nord Stream անդրջրյա խողովակաշարի պայթեցումից հետո, արխիվ, Բալթյան ծով, 27 սեպտեմբերի, 2022թ.

2022 թվականի աշնանային դետեկտիվը Բալթյան ծովում

Ռուսաստանից՝ Բալթյան ծովի հատակով մինչև Գերմանիա անցկացված «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարերի ոչնչացման առեղծվածային պատմությունում ի հայտ է եկել նոր ուշագրավ հանգամանք: Այդ գազատարները պայթեցվել են անցյալ տարվա սեպտեմբերի 26-ին:

The Washington Post ամերիկյան օրաթերթը գրել է, թե նախագահ Ջո Բայդենի աշխատակազմը պայթեցումից երեք ամիս առաջ է տեղեկություն ստացել այն մասին, որ ուկրաինացիները դիվերսիա են ծրագրում: Ամերիկյան գաղտնի ծառայություններին այդ մասին հայտնել են գործընկերները «մի անանուն եվրոպական երկրից»:

Գործողության անմիջական ղեկավարումը ստանձնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին: Ամերիկյան օրաթերթն այդ գործողության մասին տեղեկացել է Պենտագոնից գաղտնի փաստաթղթերի մեծածավալ արտահոսքի շնորհիվ:

Արտահոսքի համար մեղավոր ամերիկացին կդատապարտվի

Հույժ գաղտնի փաստաթղթերի արտահոսքի գործով այս տարվա ապրիլի 13-ին Մասաչուսեթսի նահանգում ձերբակալվել է ԱՄՆ ազգային գվարդիայի օդուժի հետախուզության վարչության 21-ամյա զինծառայող Ջեք Թեյշերան: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել ընդհուպ 15 տարվա ազատազրկման:

«Հյուսիսային հոսքի» դիվերսիայի մասին փաստաթղթում նշվել է, որ ծրագրվող գործողության մասին եվրոպական անանուն երկրի գաղտնի ծառայությանը հայտնել են հենց Ուկրաինայում: Այդ անանուն երկրի պատկան ծառայություններն էլ տեղեկությունն անցյալ տարվա հունիսին տրամադրել են ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությանը:

Ամերիկացիներն, իրենց հերթին, տեղեկությունը փոխանցել են գերմանացիներին և դաշնակիցներից ևս մի քանիսին:

Գրոհը տեղի չի ունեցել ճիշտ այն օրը, որը հայտնել է ուկրաինական աղբյուրը, սակայն սեպտեմբերի 26-ը շատ հեռու չէր նշված ժամկետից:

Մի՞թե Վլադիմիր Զելենսկին իսկապես ոչինչ չգիտեր

Ըստ փաստաթղթի, Ուկրաինայի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Զելենսկին տեղյակ չի պահվել: Գործողությունը մշակած ուկրաինացի բարձրաստիճան զինծառայողները ենթադրել են, որ այդպես նախագահը շատ ավելի բնական և անկաշկանդ կմեկնաբանի «Հյուսիսային հոսքի» թեման և ամենայն անկեղծությամբ կհերքի Կիևի առնչությունը:

Այդ ծրագրի հեղինակների համոզմամբ, եթե Զելենսկին որևէ կերպ խոստովաներ, որ ուկրաինացիներն են ոչնչացրել գազատարները՝ դա մեծ վրդովմունք կառաջացներ ցուրտ ձմռան հեռանկարից սարսափած Եվրոպայում ու հատկապես Գերմանիայում և կասկածի տակ կդներ եվրոպացիների աջակցությունը Կիևին:

ԱՄՆ-ի և արևմտյան մյուս երկրների պաշտոնյաները պայթեցումներն անվանել են «Եվրոպայի էներգետիկ անվտանգության դեմ ուղղված լկտի և վտանգավոր դիվերսիա»:

Ենթադրյալ կատարողները՝ ռազմական ջրասուզակներ

Ըստ The Washington Post-ի, այդ գործողությունը կարող էր իրականացվել անցյալ տարվա հունիսին՝ Բալթյան ծովում ՆԱՏՕ-ի լայնածավալ զորախաղերից հետո, բայց ինչ-ինչ պատճառներով կանգնեցվել է:

Ենթադրվում է, որ Ուկրաինայի հատուկ ուժերի վեց զինծառայող-ջրասուզակներ կեղծ փաստաթղթերով պետք է վարձեին մի զբոսանավ, մոտենային Բալթյան ծովում կոնկրետ շրջան, իջնեին ծովի հատակը և ականապատեին 90 մետր խորության վրա գտնվող գազատարները:

«Հյուսիսային հոսքի» ոչնչացման գործը քննող գերմանացի մասնագետները ենթադրում են, որ հենց այդ սցենարով էլ իրականացվել է պայթեցումը, բայց ոչ թե հունիսին, այլ սեպտեմբերի վերջին:

Պաշտոնական Կիևը հետևողականորեն պնդել է, որ կապ չունի դրա հետ: Սպիտակ տունը և կենտրոնական հետախուզական վարչությունը հրաժարվել են պատասխանել The Washington Post-ի հարցերին:

Մոսկվան պնդում է, որ դիվերսիան ձեռնտու էր ԱՄՆ-ին

Այդ դիվերսիայի արդյունքում «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների չորս գծերից երեքը վնասվել են: Մասնագետների կարծիքով, դրանք դժվար թե վերականգնվեն: Համենայն դեպս, այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո:

Մոսկվան պայթեցումներից հետո պնդել է, թե գազատարների ոչնչացումը ձեռնտու է Միացյալ Նահանգներին, որն իր հեղուկ գազը կառաջարկի Եվրոպային: Այդ մասին այս տարվա մարտի 13-ին անկարկել նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդի ռազմավարական հաղորդակցություների համակարգող, փոխծովակալ Ջոն Քիրբին մարտի 22-ին «դիվերսիոն գործողություն» է անվանել «Հյուսիսային հոսքի» երկու անդրջրյա խողովակաշարերի պայթեցումը, նշելով, որ դրա հանգամանքները միմյանցից առանձին հետաքննում են երեք պետությունների՝ Դանիայի, Գերմանիայի և Շվեդիայի իրավապահները:

Ուկրաինան պնդել է, որ դա արել են ռուսները, մինչդեռ, ամերիկյան հետախուզությունը նշել է, թե չունի «Հյուսիսային հոսքի» ոչնչացմանը ռուսների առնչությունը հաստատող արժանահավատ տեղեկություններ:

XS
SM
MD
LG